Հունաստանի կոալիցիոն կառավարության ձևավորումը կարող է ձգձգվել մինչև ընթացիկ շաբաթվա վերջը՝ կապված կուսակցությունների առաջնորդների միջև եղած տարաձայնությունների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է Դեմոկրատական ձախերի ղեկավար Ֆոտիս Կուվելիսը:
«Կառավարությունը կձևավորվի, բայց ես համոզված չեմ, որ գործընթացն այսօր կավարտվի (ինչպես որ նախատեսվում էր ավելի վաղ.- 1in.am),- ասել է նա։- Ես կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք շաբաթվա վերջին»:
«Մինչ այժմ մի շարք չլուծված հարցեր են մնում՝ կապված կառավարության ծրագրերի և (կոշտ տնտեսական քաղաքականության.- 1in.am) պայմանների հետ»,- ասել է Կուվելիսը:
Հունաստանի օգնության երկրորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրոյի չափով, պաշտոնապես հաստատվել է մայիսի 13-ին, սակայն Հունաստանում կառավարության ճգնաժամի պատճառով Աթենքը ստացել է միայն 4.2 մլրդ-ը: Կիրակի Հունաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանական 300 մանդատներից 129-ը ստացել է Նոր ժողովրդավարություն կուսակցությունը, որի առաջնորդին երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասը հանձնարարել է կառավարություն ձևավորել:








































