Հերցոգուհի Արգայլը, որը Գլազգոյի օդանավակայանում կորցրել էր իր ոսկերչական զարդերը, դրանք հայտնաբերել է աճուրդի տան կողմից վաճառված իրերի կատալոգներից մեկում: Այս մասին գրում է The Daily Telegraph –ը:
Զարդերը կորել էին դեռ 2006թ., երբ կինն ուղևորվում էր Ինվերարի Քեմփբել կլանի տոհմական դղյակ: Այն ժամանակ նրա մոտից անհետ կորել էր 5 ոսկերչական զարդ` ընդհանուր 100 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Ընդ որում` անհետացած թանկարժեք իրերի թվում էին վիկտորյան դարաշրջանի ալմաստե խույրն ու կանացի կրծքազարդը: Սակայն չնայած ոստիկանության որոնումներին, այդպես էլ զարդերը հնարավոր չէր եղել հայտնաբերել:
Թանկարժեք զարդերի մասին տեղեկությունը ջրի երես դուրս եկավ, երբ 68-ամյա կինն իր կրծքազարդը հայտնաբերեց շոտլանդական Lyon and Turnbull աճուրդի տան կատալոգում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ զադերը հայտնաբերել է օդանավակայանի սեփականատերը դրանց անհետացումից մեկ ամիս անց:
Որոշելով դրանք չվերադարձնել տիրոջը` տղամարդը կրծքազարդը որոշել է վաճառել 5 հազար ֆունտ ստեռլինգից պակաս գնով:
Նշվում է, որ աճուրդի տերը դրանք օրինական տիրոջը վերադարձնելու քայլեր է ձեռնարկում: Դեռ չեն հայտնաբերվել մյուս զարդերը` զմրուխտե մատանին ու ադամանդե ականջօղերը:









































