Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը ճանաչել է երկրի հարավի անկախության հանրաքվեն, որն անցկացվել է հունվարի 9-15-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Սուդանի պետական հեռուստատեսությանը: Սուդանի նախագահի կարծիքն է փոխանցել նրա աշխատակազմի ղեկավար-նախարար Բաքրի Հասան Սալեհը:
«Մենք հայտարարում ենք, որ հարգում և ճանաչում ենք Հարավի ժողովրդի ընտրությունը և հանրաքվեի արդյունքները»,- ասված է նախագահի հրամանում:
Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր Խարթումում, որին ներկա կլինեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը, Հարավի վարչապետ Սալվա Քիիրը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և պատգամավորներ:
Այնուհետև Օմար Ալ-Բաշիրը, ելույթ ունենալով անվտանգության սպաների առջև, հայտարարել է, որ ակնկալում է Հարավային Սուդանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ:
«Մեր հարաբերությունները Հարավի հետ կլինեն լավագույնը տարածաշրջանում, քանի որ դրանք ունեն սոցիալական պատճառներ, ընդհանուր պատմություն, առևտուր, ինչպես նաև կառավարության ցանկությունը` դարձնել սահմաններն անվտանգ և ապահովել քաղաքացիների և ապրանքների ազատ տեղաշարժը»,- ասել է Ալ-Բաշիրը:








































