Facebook սոցիալական կայքը կգնի Face.com ծառայությունը, որը նախատեսված է լուսանկարների վրա դեմքերի ճանաչման համար: Գործարքի մասին հայտնի է դարձել Face.com –ի պաշտոնական բլոգից:
Գործարքի գինը չի բացահայտվում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Facebook-ը Face.com-ի համար վճարելու է 80-100 մլն դոլար:
Face.com-ը մշակում է բջջային և համակարգչային ծառայություններ՝ դեմքերը ճանաչելու համար: Բացի այդ, այն թույլ է տալիս API-ի հիման վրա ստեղծել ծրագրեր:
Facebook-ը դեռ չի հայտարարել, թե ինչպես է մտադիր տնօրինել նոր ձեռքբերումը: Չի բացառվում, որ Facebook-ն այն կգործադրի իր բջջային տարբերակի համար:
Face.com ընկերությունը հիմնվել է 2007 թ.: Նրա կենտրոնական գրասենյակը տեղակայված է Իսրայելում: Իր գոյության ընթացքում այն կարողացել է գրավել 5.3 մլն դոլարի ներդրումներ:









































