Երևանում կայանալիք «Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն են քննարկել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական և մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդի հանդիպման ժամանակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանում նմանատիպ գիտաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում թանգարանային գործի նորագույն մեթոդներով կազմակերպմանը, ինչպես նաև յուրօրինակ ազդակ կհանդիսանա զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,- նկատել է Արամ Սուքիասյանը: Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական և մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդին նշել է, որ այդպիսով կամրապնդվի Թանգարանային միջազգային խորհրդի և Հայաստանի միջև համագործացությունը: «Գիտաժողովը Երևանում անցկացնելու շարժառիթը Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է: Տպավորված եմ ձեր երկրի գեղեցկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ, ժողովրդի հյուրընկալությամբ»,- հավելել է Էմմա Նարդին:
Ամենամյա գիտախողովը անցյալ տարի տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, իսկ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:
Երևանում գիտաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 20-25-ը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: Գիտաժողովին մասնակցելու համար արդեն հերթագրվել են 30 երկրների 50 թանգարաններից շուրջ 200 պատվիրակներ:











































