РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կդիտարկվի այն բանից հետո, երբ Իրանը մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի վերաբերյալ տարվող բանակցությունների մասնակիցներին ընդառաջ: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը:
Վերջինիս խոսքերով՝ Բրյուսելը նախ ցանկանում է Իրանի կողմից իրեն ընդառաջ քայլեր տեսնել և միայն դրանից հետո անդրադառնալ նրա նկատմամբ սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը:
Մաննը նաև հաստատել է, որ այսօր և վաղը Մոսկվայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում Արևմուտքն Իրանից պահանջելու է դադարեցնել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը, ինչպես նաև ստորգետնյա «Ֆորդո» օբյեկտում տարվող աշխատանքները: Մաննը, սակայն, այս երկու հարցերից կարևորել է մինչև 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցումը։









































