Վերջին մեկ օրում Սիրիայի քաղաքներում տեղի ունեցած բախումներում զոհվել է առնվազն 50 մարդ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ընդիմության տվյալները, կառավարական զորքերի կողմից հարձակումների են ենթարկվել երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանները:
«Հոմս քաղաքի մոտ 85%-ը ենթարկվում է ականանետային և նռնակային հրետակոծության: Տասնյակ վիրավորներ բուժում չեն ստանում, քանի որ հիվանդանոցները հայտնվել են «Շաբիհա» խմբավորման ձեռքում»,- հայտնել է ակտիվիստներից մեկը:
Երեկ հաղորդվում էր, որ առնվազն 11 մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքի մուսուլման սուննիների թաղամասի հրետակոծությունից հետո:
Սիրիայի մարդու իրավունքների ազգային կենտրոնից հայտնել են, որ այս հանգստյան օրերին, ընդհանուր առմամբ, երկրում սպանվել է 80 մարդ:










































