Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան՝ հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանի պահպանության հարցը կրկին քաղաքացիական հասարակության դիտակետում է: Վերջինիս պահանջն է կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված քաղաքի պատմության մասը կազմող շենքը պահպանել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շենքի պատմությունը վերհիշեց Աֆրիկյանների տունը կառուցող Առաքել Աֆրիկյանի թոռան թոռ Արմեն Աֆրիկյանը՝ ասելով, որ շենքը կառուցվել է բիզնես նպատակներով, եղել է ակումբ և կոչվել Доходный дом Африковых: Ըստ Արմեն Աֆրիկյանի` Աֆրիկյանների տունը հասարակական վայր է եղել, որտեղ հանգստյան օրերին մարդիկ հանդիպել են իրար, քննարկումներ կազմակերպել և այլն: «Հեղափոխության տարիներին այն ազգայնացվել է, և շենքի նկուղներում մարդկանց գնդակահարել են, տանջել: Մեր ընտանիքի ունեցվածքը ևս ազգայնացվել է այդ տարիներին: Հետագայում շենքը դարձել է բնակելի տուն»,- տեղեկացրեց Աֆրիկյանը:
Երբ 2004 թվականին առաջին անգամ եղավ կառավարության որոշումը, ըստ որի որոշ տներ, պատմամշակութային հուշարձաններ հատուկ պահպանվող շենքերի ցանկից պետք է դուրս գային և մտնեին տեղափոխման ցանկի մեջ, դրանցից մեկը Աֆրիկյանների տունն էր: Այդ ժամանակ Արմեն Աֆրիկյանը նամակով խնդրել է քաղաքապետին տրամադրել շենքի քարերը, որպեսզի անձամբ իր միջոցներով իրականացնի ապամոնտաժման աշխատանքները: Ի պատասխան նրան ասել են՝ դիմել ԾԻԳ-ին, և այդտեղից նա ընկել է բյուրոկրատական քաշքշուկների մեջ: Սակայն ապամոնտաժումը դադարեցվեց, սեփականատերեր փոխվեցին և մինչև անցյալ տարի դադարեցվել էին շենքի հետ կապված գործողությունները: Հիմա նորից վերսկսվել են ապամոնտաժման աշխատանքների մասին խոսակցությունները: Ուստի Արմեն Աֆրիկյանը մտադրություն ունի դիմել երկրի նախագահին խնդրանքով, որովհետև նրան իսկապես հավատում է: «Ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ սխալներ են եղել, տներ, հուշարձաններ են քանդվել, որը պետք է դադարեցվի: Ես հիմա ցանկություն ունեմ դիմել նախագահին, որպեսզի նա թույլ չտա, որ այդ շենքին ընդհանրապես ձեռք տան և հույս ունեմ` դրական պատասխան ստանալ»,- հույս հայտնեց Արմեն Աֆրիկյանը:
Նրա խոսքով` Աֆրիկյանների տունը եզակի է, որպես քաղաքի ճարտարապետական արժեք: Ըստ Արմենի` նման ճարտարապետական շենք այսօր քաղաքում գոյություն չունի:
«Աֆրիկյանների տոհմը շատ հարուստ է եղել մինչև հեղափոխությունը, ու մեծ ռեսուրսներ են ներդրվել այդ շենքը կառուցելու համար, դա միակ նախշազարդ շենքն է եղել քաղաքում: Քանդակագործներ են աշխատել, բավականին մեծ ներդրում է արվել այդ շենքի ֆասադը ստանալու համար: Քանի որ բիզնես նկատառումներով է կառուցվել, ամեն ինչ արվել է, որ մարդիկ լավ ժամանակ անցկացնեն»,- նշեց Արմեն Աֆրիկյանը` ընդգծելով, որ շենքը իր ընտանիքի և Երևան քաղաքի պատմությունն է:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի












































