ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հունիսի 18-ին G20–ի գագթնաժողովի ժամանակ կքննարկեն հակահրթիռային պաշտպանությանը վերաբերող խնդիրներ, Սիրիայի իրադրությունը և երկկողմ հարաբերությունները: Այս մասին, ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պատրաստ ենք մտքերի փոխանակման՝ ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային իրավիճակի առավել ակտուալ հարցերի շուրջ»,- հաղորդել է նա:
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն կլինի, որի տեքստն արդեն գրեթե համաձայնեցված է:
Կրեմլի ներկայացուցչի խոսքերով՝ հայտարարությունը բավական ծանրակշիռ կլինի. դրանում ընդգծված կլինի երկու երկրների հարաբերություններն ամրացնելու պատրաստակամությունը, համագործակցությունը միջազգային արենայում, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:
Ենթադրվում է, որ հանդիպումը կտևի 1.5 ժամ: Այն տեղի կունենա G20–ի գագաթնաժողովից անմիջապես առաջ: Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա մեքսիկական Լոս Կաբոսում՝ հունիսի 18-19-ը: