Եգիպտոսի ապագա նախագահը, երկրում գործող խորհրդարանի և մշտական սահմանադրության պայմաններում զինվորականների կողմից նոր սահմանադրական հռչակագրի ընդունմամբ կարող է լայն լիազորություններ ստանալ:
Ինչպես հաղորդել է «Ալ-Ահրամ» թերթը, իշխող Զինված ուժերի գերագույն խորհուրդը պետք է մոտակա 48 ժամվա ընթացքում ընդունի սահմանադրական նոր հռչակագիր, որում կսահմանվեն պետության ղեկավարի ֆունկցիաները: Ապագա նախագահն իրավունք կստանա նշանակել վարչապետին, փոխվարչապետին և նրանց տեղակալներին, պետական պաշտոնյաներին և զինվորականներին: Նա նաև Եգիպտոսին կներկայացնի միջազգային արենայում, կնշանակի դիվանագիտական ներկայացուցիչներին օտար երկրներում: Բացի այդ, նա նաև իրավունք կունենա Խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և բյուջեն հաստատելո։ Այս մասին հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները:
Զինվորականները մտադիր են փոխել սահմանադրական հռչակագրի 30-րդ հոդվածի տեքստը, որում նշվում է, որ պետության ղեկավարը պետք է երդվի կառավարության առջև: Սակայն քանի որ կառավարությունը լուծարված է, նախագահը կերդվի Սահմանադրական դատարանի առջև:
Խորհրդարանի բացակայության պայմաններում օրենսդիր ֆունկցիան կիրականացնի Եգիպտոսի զինված ուժերի խորհուրդը: Սակայն նախագահն իրավունք կունենա հրապարակել կամ արգելափակել օրենքները:
Հիշեցնենք, որ նախօրեին իշխող Եգիպտոսի գերագույն զինվորական խորհուրդը պաշտոնապես հայտարարել էր, որ խորհրդարանն ազատ է արձակվել:








































