Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Մագնիտսկու օրենքը», ապա Ռուսաստանը պատրաստ է պատասխան քայլերի: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հունիսի 17-ին հայտարարել է ՌԴ նախագահի արտաքին գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը:
«Բոլորին հասկանալի է, որ մենք պտասխան միջոցներ կձեռնարկենք, որոնք սկզբունքորեն անխուսափելի են, սակայն ցանկալի է, որպեսզի խուսափելի լինեին»,- հայտարարել է Ուշակովը՝ հավելելով. «Եթե օրենքը չլինի, ապա պատասխան քայլերն էլ չեն լինի, և, բնականաբար, մթնոլորտը միանգամից կլավանա»:
«Պատասխան քայլերի բովանդակությունը գաղտնի է պահվում»,– հայտարարել է Ուշակովը:
Յուրի Ուշակովի հայտարարությունն արվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա Մեքսիկայում հունիսի 18-ին՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Ուշակովը հույս է հայտնել, որ բանակցությունները «կառուցողական» կլինեն, սակայն պաշտոնյան նշել է, որ «ինչ-որ մեկը փորձում է փչացնել բանակցությունների ֆոնը»:
Ուշակովը հստակեցրել է, որ ի նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով այս օրերին հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիային ռազմական ուղղաթիռներ է մատակարարում:
«Մագնիտսկու օրենքը», որն այդպես է կոչվում Hermitage Capital ներդրումային հիմնադրամի իրավաբանի անունով, ով զոհվել է քննչական մեկուսարանում բժշկական օգնություն չստանալու պատճառով, ամերիկյան իշխանություններին իրավունք է տալիս սառեցնել ռուս պաշտոնյաների ակտիվները, ովքեր կասկածվում են մարդու իրավունքները խախտելու մեջ: Օրինագիծն արդեն հաստատվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:









































