Եգիպտոսում ձերբակալվել են արաբական պետություններից մի խումբ ներգաղթյալներ, ովքեր երկրում նախագահական ընտրություններից հետո ահաբեկչություն էին ծրագրում։ Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, անվտանգության ուժերը գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդին են հանձնել 22 ձերբկալվածների գործերը, այդ թվում՝ նաև պաղեստինցիների, սիրիացիների և հորդանանցիների: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք:
Կիրակի օրը Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ, եզրափակիչ փուլը: Вести-ի փոխանցմամբ՝ ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում են հանգիստ մթնոլորտում: Ընտրատեղամասերում անվտանգությունն ապահովում են հարյուր հազարավոր զինծառայողներ և ոստիկաններ: Օդ են բարձրացվել ռազմական ուղղաթիռներ, որոնք հետևում են դեպքերի զարգացմանը:
Ներկա պահին վերլուծաբանները չեն կանխատեսում ընտրությունների արդյունքները: Դրանք պաշտոնապես պարզ կդառնան հունիսի 21-ին: Սակայն նշվում է, որ անկախ արդյունքներից՝ երկրում կարող են կրկին բռնկվել զանգվածային բողոքի ալիքներ:








































