Իտալիայի կառավարությունը հաստատել է պարտքի կրճատման շրջանակներում 10 մլրդ եվրո գումարի մասնավորեցման ծրագիրը, հաղորդում է Agence France-Presse-ը: Թե կոնկրետ ինչ ակտիվներ են նախատեսվում վաճառել, չի հաղորդվում:
Հունիսի 15-ին Իտալիայի ֆինանսների նախարար Վիտորիո Գրիլին չի բացառել, որ կառավարությունը կարող է վաճառել Eni նավթային ընկերությունում, Enel էներգետիկ ընկերությունում և Finmeccanica խմբում պետության բաժինը:
Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միայն 2012թ. կառավարությունը պատրաստվում է վաճառել 30 մլն եվրոյի պետական ակտիվներ: 5 տարվա ընթացքում մասնավորեցման ծավալները կարող են կազմել մինչև 200 մլրդ եվրո, ինչը հնարավորություն կտա պետական պարտքը կրճատել մինչև ՀՆԱ 110%:
Այս տարվա հունվարին Corriere della Sera-ն գրում էր, որ Իտալիայի իշխանությունները պատրաստվում են վաճառել պետությանը պատկանող բաժնետոմսերը՝ 50 մլրդ եվրոյի չափով:
2011թ. արդյունքներով՝ Իտալիայի պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 120%-ը:








































