Եգիպտոսի նախագահական ընտրությունների բարձրագույն հանձնաժողովը ընտրողներին զգուշացնում է, որ քվեարկության ժամանակ հերթում կանգնած անձինք գրիչներ են բաժանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները:
ԿԸՀ տվյալներով՝ անհայտ անձինք ընտրողների շրջանում գրիչ և թանաք են բաժանում, որոնք օգտագործելուց հետո մի քանի րոպեի ընթացքում ցնդում են քվեաթերթիկի վրայից: Այդ դեպքում քվեաթերթիկն անվավեր է համարվում:
«ԿԸՀ-ն ցուցում է տվել ընտրությունների համար պատասխանատու բանակին և ոստիկանությանը անհապաղ ձերբակալել և դատախազությանը հանձնել այն անձանց, որոնք ընտրատեղամասերի դիմաց վաճառում կամ բաժանում են գրիչները»,- ասել է հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով՝ ԿԸՀ-ն գրիչներով ապահովել է բոլոր ընտրատեղամասերը, իսկ դատավորներին հրահանգվել է թույլ չտալ օգտագործել դրսից բերված գրիչներ:
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Եգիպտոսում ընթանում են նախագահական ընտրություններ, որին մասնակցում են «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին և նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը:







































