Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել, այդուհանդերձ, վերագործարկել երկրում գործող 50 ատոմային ռեակտորներից երկուսը։ Հիշեցնենք, որ երկրում բոլոր ատոմակայանների աշխատանքը դադարեցվել էր այն բանից հետո, երբ 2011թ․-ի մարտին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել էր «Ֆուկուսիմա» ատոմակայանը։
Երկու ռեակտորների վերագործարկման որոշումն ընդունել է երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդան, ով ավելի վաղ հայտարարել էր, թե չի կարելի թույլ տալ հովհարային անջատումներ, որոնց անհրաժեշտությունը կառաջանա, եթե ամառային սեզոնին չվերագործարկվեն գոնե երկու ռեակտորներ։ Վերագործարկվող ռեակտորները գտնվում են Կիոտո քաղաքի մերձակայքում։







































