Աշխարհում հայտնի ֆրանսիական Պեր-Լաշեզ գերեզմանատունը, որտեղ թաղված են արվեստի, մշակույթի և գիտության ականավոր գործիչները, ամեն օր ենթարկվում է կողոպուտի: 48 հա զբաղեցնող «թանգարանը» պահպանում է ընդամենը 12 մարդ, որոնք բավարար չեն «հուղարկավորված արվեստի սիրահարների» դեմ պայքարում:
Ինչպես գրում է Le Figaro-ն, վերջին տարիներին գերեզմանատունը գրեթե ամեն օր ենթարկվում է թալանի: 2007 թվականին, մի քանի օրվա ընթացքում այնտեղից անհետացել է մեծ արժեք ներկայացնող 6 կիսանդրի:
Նախօրեին ևս մեկ արձան և մի քանի մարմարե ցուցանակներ են անհետացել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ողջ խնդիրն այն է, որ արձանների, կիսանդրիների, հուշատախտակների լուսանկարների միասնական բազա չկա: Այդ դեպքում դրանք հեշտությամբ կգտնվեին սև շուկայում:
Պեր-Լաշեզը անվանվել է Լյուդովիկոս XIV-ի խոստովանահայր Ֆրանսուա դե լա Շեզի պատվին: Այն կառուցվել է 1804 թվականին Նապոլեոն I-ի կողմից: 200 տարվա ընթացքում այնտեղ են հուղարկավորվել առաջատար գործիչները: Ներկայում գերեզմանատանը հանգչում է ավելի քան 1 մլն ննջեցյալ, այդ թվում՝ հայտնի ֆրանսիացի երգիչ Էդիտ Պիաֆը, կոմպոզիտորներ Ջորժ Բիզեն և Ֆրեդերիկ Շոպենը, գրողներ Մարսել Պրուստը, Օնորե դը բալզակը, Նիկոլայ Տուրգենևը և այլք:






































