Հունիսի 13-ին 98 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա ու հրապարակախոս Ռոժե Գարոդին: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Արևմտյան ու իսլամական աշխարհում նա առավել հայտնի էր որպես հեղինակ, ով կասկածի տակ է դրել Հոլոքոստն ու քննադատել իսրայելական քաղաքականությունը:
Վաղ տարիներին Գարոդին մասնակցում էր ֆրանսիական Դիմադրության շարժմանը, որը պայքարում էր իր երկրի օկուպացման դեմ, ինչի հետևանքով բանտ է ընկնում:
Պատերազմից հետո նա միանում է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը ու դառնում դրա գաղափարակիրը:
ԼԻնելով Կոմունիստական կուսակցության անդամ` ընտրվել է խորհրդարանում, եղել խոսնակ ու սենատոր:
1970թ. ԽՍՀՄ-ի ճնշման ներքո նրան հեռացնում են կուսակցությունից` 1968թ. խորհրդային ներխուժումը Չեխոսլովակիա քննադատելու համար:
1980-ականներին Գարոդին իսլամ ընդունեց ու սկսեց քննադատել իսրայելական իշխանություններին: Իր գրքերից մեկում նա գրել է, որ Հոլոքոստն առասպել է, որը կոչված է արդարացնելու Գերմանիայի ավերումն ու Իսրայելի ստեղծումը:
Ֆրանսիայում նման գործունեության համար նրան դատական պատասխանատվության են ենթարկել, տուգանել ու դատապարտել:
Միևնույն ժամանակ, իսլամական երկրներում նա ձեռք է բերել «մեր ժամանակների ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկի» համբավը:










































