Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողներին հալածելու և ճնշելու վերջին փաստերի կապակցությամբ:
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ ևս ողջունեցի Բախտիար Հաջիևի ազատ արձակումը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Դժբախտաբար, այսօր բացասական միտումները շարունակություն ստացան:
Ես հուսով եմ, որ Մեհման Հուսեյնովի նկատմամբ ներկայացված այդ մեղադրանքները կվերացվեն, և բոլոր դատապարտված լրագրողները կազատվեն: Լրագրողների ձերբակալություններն ու դատապարտումները լավագույն պատասխանը չեն լրագրողների քննադատությանը:
Ես մտահոգված եմ հունիսի 12-ին Միլլի մեջլիսի կողմից ընդունված օրենսդրական ուղղումների կապակցությամբ, որոնք սահմանափակում են տեղեկատվության ստացումն ու տարածումը: Ես դա գնահատում եմ որպես գրաքննություն: Այդ ուղղումները մամուլի ու տեղեկատվության ազատության վրա ունենալու են տևական բացասական հետևանքներ:
Դա հատկապես ցավալի է, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը մինչ այդ տեղեկատվության հասանելիության առումով ԵԱՀԿ-ի տիրույթում լավագույնն էր: Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում անել ամեն ինչ՝ կանխելու համար վերջին բացասական միտումները»: