Երեկ երեկոյան Երևանի Թումանյան փողոցում «ՀԺ»-ի թղթակիցը նկատել է ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանին՝ զբոսնելիս:
«Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ պաշտոնյան փողոցում զբոսնում է, բայց Ալիկ Սարգսյանի երեկվա զբոսանքը սովորականների շարքից չի եղել: Կարելի է ասել, որ դա քաղաքական զբոսանք էր, եթե կուզեք` քաղաքական ակցիա: Նախկին ոստիկանապետը քաղաքի կենտրոնում զբոսնել է, որպեսզի մարդկանց ապացուցի, որ իր հետ ոչինչ չի պատահել, և ինքը շարունակում է ազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյա մնալ: Ալիկ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է մեր թղթակցին, որ զբոսանքի է դուրս րը, եկել, որպեսզի մարդիկ իրեն տեսնեն և համոզվեն, որ իր մասին տարածվող լուրերը սուտ են:
Իսկ լուրերը, որոնք նա ցանկացել է զբոսանքով հերքել, նախկին ոստիկանապետին ձերբակալելու մասին էին: Այդ լուրը երեկ երեկոյան տարածել էր էլեկտրոնային կայքերից մեկը: Չնայած, այդ կայքը առանձնապես հանրությանը հայտնի չէ, բայց միևնույնն է`լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում, իսկ այնտեղից էլ՝ հանրության շրջանում:
Ուստի, երբ լուրի տարածումից մի քանի րոպե անց «Հժ»-ի թղթակիցը զանգահարել էր Ալիկ հր Սարգսյանին, նա արդեն ամեն ինչից տեղյակ՝ անմիջապես շտապել էր հերքել իրեն ձերբակալելու մասին տեղեկությունը: Ըստ նախկին ոստիկանապետի` լուրը անհեթեթության և ինչ-որ մեկի երևակայության արդյունք է: «Ոչնչից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ոչ մեկի հետ չեմ շփվում, առավոտյան գնում եմ գործի, երեկոյան գալիս եմ: Երևի դա է որոշ մարդկանց անհանգստացնում», -ասել է Սարգսյանը: Ստորև ներկայացնում ենք նախկին ոստիկանապետի հետ «Հժ»-ի թղթակցի հեռախոսային հարցուպատասխանը:
-Պարոն Սարգսյան, կայքերից մեկում գրել են, որ ձեզ ձերբակալել են, իսկապե՞ս ձեզ հետ կապված ինչ-որ զարգացումներ կան:
-Անհեթեթ խոսակցություն է, չգիտեմ՝ որտեղից:
-Լուրը հրապարակած կայքին լրագրողական շրջանակներում կապում են ԱԱԾ-ի հետ, դրա մասին ի՛նչ կասեք::
-Չգիտեմ, ես օրինապահ մարդ եմ: Ես ոչ մի խախտում կյանքումս թույլ տված չկամ: Նորմալ իմ կյանքով ապրում եմ: Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, և ինչ նպատակ է հետապնդում նման անհեթեթ բան գրելը, դա էլ չեմ կարողանում հասկանալ:
-Բայց ձեզ հետ կապված ինչ-որ միջադեպ չի՞ եղել:
-Որևիցե նման խոսակցություն, նման թեմա չի եղել: Ինչ-որ մեկի ֆանտազիան է, չգիտեմ:
-Դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպու՞մ եք. որովհետև օրերս գրել էին, որ ձեզ լիովին մեկուսացրել են:
-Ես այսօր նախագահականում եմ աշխատում: Եթե հարց է լինում, ինքն ինձ հրավիրում է, եթե ես եմ հարց ունենում, ես եմ իրեն զանգում: Նորմալ աշխատում եմ, ինչի՞ մասին է խոսքը, նման թեմա չկա:
Առաջիկայում, թերևս, կպարզվի՝ սա «ֆանտազիա» է, թե՞ ԱԱԾ-ի կողմից կազմակերպված արտահոսք»,- հավելում է «ՀԺ»-ն:











































