Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Ուիլյամ Հեյգը սատարել է Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողով անցկացնելու մասին Ռուսաստանի գաղափարը, սակայն կարծում է, որ Իրանի մասնակցությունը դրան անհնարին է: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Քաբուլում Աֆղանստանի վերաբերյալ տարածքային գագաթնաժողովում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Հեյգն իր սկզբունքային համաձայնությունն է հայտնել նման համաժողով անցկացնելու մասին:
Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն անհանգստություն է հայտնել՝ կապված համաժողովին Իրանի հնարավոր մասնակցության հետ` հայտարարելով, որ «դա դժվար աշխատի»:
«Կարևոր է, որ Սիրիայում իրավիճակը շարունակի վերահսկել ՄԱԿ ԱԽ-ն»,- նշել է Հեյգը:
Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողով անցկացնելու գաղափարը Ռուսաստանն առաջարկել էր մի քանի օր առաջ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստի ժամանակ:









































