«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
– Լուիզա, մի առիթով ասում էիք, որ կյանքը միակ տեղն է, որտեղ պետք չէ խաղալ: Այսօր խոստանո՞ւմ եք լինել առավելագույնս անկեղծ:
-(Ժպտում է) Այո՛, թեև ես նկատի եմ ունեցել կյանքը տեսախցիկներից, բեմից դուրս, բայց այսօր կաշխատեմ մաքսիմալ ազնիվ լինել ինքս իմ հանդեպ:
– Լուիզա, այս խորհրդարանական ընտրություններին, եթե չեմ սխալվում, Ձեզ նույնպես կուսակցական դառնալու և առաջադրվելու առաջարկ եղավ, մերժեցիք` պատճառաբանելով, որ ոլորտից այնքան էլ տեղյակ չեք և անելիք չունեք: Մի՞թե, կարծում եք, քաղաքականությամբ զբաղվում են ոլորտից տեղյակները, նրանք, ովքեր ինտելեկտի մեծ պաշար ունեն, և ինչո՞ւ քաղաքականությունը Ձեր տեղը չէ:
– Ցավոք, համաձայն եմ, որ քաղաքականության մեջ գտնվող մարդկանցից ոչ բոլորն են քաղաքականապես պատրաստ, և ոչ բոլորը կարող են քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ ես նույնպես պետք է համալրեմ այդ շարքերը: Այն ուղին, որն ընտրել եմ, որը սիրում եմ, և որ այդ ուղին էլ ինձ է սիրում (իսկ դա շատ կարևոր է), ինձ լիովին բավարարում է: Իսկ քաղաքական գործիչներից շատերին վախենում եմ անգամ հեռուստատեսությամբ տեսնել և լսել, իմ էներգիան նրանց փոխանցել, ուր մնաց թե նրանց հետ նույն հարթության մեջ լինել:
– Վախ ասելով` ի՞նչ նկատի ունեք:
– Ոչ այնքան ուղղակի իմաստով ասացի, որովհետև ես վախենում եմ միայն Աստծուց: Ինձ համար նրանք երբեմն այնքան ալոգիկ են, այնքան զավեշտալի, այնքան ավելի վատ դերասաններ են, հետևաբար չեմ գտնում, որ նրանց հետ միասին անելիք ունեմ:
– Ստացվում է` նոր Ազգային ժողովից էլ սպասելիքներ չունեք:
– Կան անհատներ, որոնց համարում եմ քաղաքականապես հասուն, և չեմ կարող չգնահատել, եթե նրանց չխանգարեն, հնարավոր է ինչ-որ բան անել:
– Լուիզա, ինչո՞վ է պայմանավորված վերջին մեկ տարվա ընթացքում սերիալներում նկարահանվելուց հրաժարվելը, այս «թայմ աութը» պայմանավորված է նրանով, որ որոշել եք միայն արվեստո՞վ զբաղվել:
– Իմ հիմնական գործունեության տեղը թատրոնն է, որն արդեն 15 տարի իմ կյանքում է: Այդ ընթացքում եղել են տարբեր հեռուստատեսային գործունեություններ` հաղորդման տեսքով, իսկ վերջին հինգ տարիներին` հեռուստասերիալների տեսքով, այսինքն` իմ հիմնական արվեստի թևը պահպանել եմ: Ինչ վերաբերում է կոնկրետ հեռուստասերիալներին, հպարտորեն պետք է ասեմ, որ առաջիններից էի, որ մտա դաշտ: Կային մարդիկ, որ խորհուրդներ էին տալիս` էս ի՞նչ ես անում, էս ո՞ւր ես մտել, հետո այդ նույն մարդիկ նկարահանվեցին ավելի վատ հեռուստասերիալներում: Սերիալային հեռուստալսարան կա, և դա փաստ է, ցավ եմ ապրում, որ այդքան մեծ է այդ դաշտը, բայց կա: Մեկ տարի առաջ գտնում էի, որ սերիալների անկման միտում կա: Եվ մտածում էի, որ կրիմինալ սերիալների մարումը կբերի մեկ ուրիշ լավ փուլի: Սպասելիքներս չարդարացան, այս լռության մեջ, եղան առաջարկներ, որ մերժեցի, հիմա դարձյալ կա առաջարկ, որը կարծես թե ուրվագծում է իր ռեալությունը:
– Լուիզա, ռեժիսորներն էլ դժգոհում են, որ սերիալներում նկարահանվելու պատճառով երկու դերասան իրար հետ չեն կարողանում նույն ժամին փորձի գալ, սերիալով են զբաղված, և ըստ էության` դերասանի համար առաջնային դառնում է սերիալի աշխատանքը:
– Մեկը մյուսին շղթայված հարց է, և ըստ իս` լուծելի, պարզապես ժամանակ է պետք: Բոլոր այն դերասանները, որոնք պահանջարկային են, կարողանում են համատեղել սերիալն ու թատրոնը, իմ անձնական փորձից եմ ասում: Իսկ դերասանները, որոնք ո՛չ թատրոնում, ո՛չ սերիալներում են հստակ գործունեություն ծավալում, կանցնեն կգնան ժամանակի հետ, և այս վիճակը կհարթվի: Ես ուրիշ մտավախություն ունեմ. արդյոք Հայաստանում ունե՞նք ռեժիսոր, որին մեծ գումար տալու դեպքում կարող է համլետյան պատմության շուրջ սերիալ կազմել: Կասկածում եմ:
– Լուրջ ռեժիսորը սերիալի մեջ չի թաթախվում ընդհանրապես:
– Կարող եմ ասել` կան ռեժիսորներ, որոնք թաթախված են և ունեն որոշակի պոտենցիալ, բայց ես խիստ կասկածում եմ` կարո՞ղ են նրանք նշաձողը պահպանել: Ես պրոֆեսիոնալ արտիստուհի եմ և կարող եմ իրավունք վերապահել, ասել, որ կարող եմ խաղալ էկրանային դրամատիկ գործերում, բայց ես այսօր մտավախություն ունեմ, քանի որ մենք այնքան ենք սերիալային կարծրացած չափորոշիչների մեջ, որ եթե հնարավորություն տրվի լուրջ բան անելու, կկարողանա՞նք արդյոք անել:
– Լուիզա, շատ են դժգոհությունները, որ այն, ինչ ցուցադրվում է` հեռուստաաղբ է, որը միտում ունի բթացնելու հասարակությանը: Որպես հեռուստատեսության հետ անմիջական կապ ունեցող մարդ, ի՞նչ եք կարծում, նման միտում ունի՞ այսօր հեռուստատեսությունը: Եվ արդյոք Ձեր բալիկին թույլատրո՞ւմ եք դիտել հայկական հեռուստատեսություն:
– Քանի որ հաղորդման սկզբում խոստացա լինել ինքս ինձ համար ազնիվ, չեմ կարող չասել, որ, այո՛, հեռուստատեսությունը ունի այդ միտումը: Ես չեմ կարող ասել` սա գիտակցված, հաշվարկված, պլանավորվա՞ծ հաշվարկ է, թե՞ հոսանքի արտացոլանք, բայց այն, որ հեռուստատեսությունը ծրագրավորված մի մեծ լսարանի դեգրադացման, զոմբիացման է տանում (և ոչ միայն հեռուստատեսային սերիալները, այլ առհասարակ հեռուստատեսային արտադրանքը), փաստ է: Իսկ ինչ է հեռուստատեսությունը, եթե ոչ պրոպագանդայի ամենահզոր քարոզչամեքենա:
Որպես մայր` ես շատ երկար եմ մտածել, ամուսնուս հետ եմ խոսել, թե ինչ անենք` ընդհանրապես արգելե՞նք: Իմ աղջիկը հիմնականում դիտում է այլընտրանքային թվային ալիքներ: Բայց, միևնույն է, նա մի մարդ է, որը հաճախում է դպրոց, և ես չեմ կարողանում ապահովագրել նրան չդիտելուց: Միևնույն է, սա էլ ելք չէ:
– Լուիզա, քաղաքացիական հասարակության ձևավորման առումով վերջին տարիներին փոփոխություն նկատո՞ւմ եք:
– Անշուշտ, ես նկատում եմ, և ակներև են տարբերությունները: Համեմատական եզրեր անցկացնելու դեպքում 5-6 տարի առաջ և հիմա, իհարկե կան փոփոխություններ, իսկ դրա դրական ազդեցությունները շատ տեղերում եմ տեսնում: Գուցե հասարակության մեծ մասի կյանքի որակի վրա չի անդրադառնում, բայց որ քաղաքացիական հասարակության ծիլերը կան, չտեսնել չես կարող: Ես ամբողջի մի մաս եմ ինձ համարում, ես առողջ քաղաքացիական դրսևորումներով մարդ եմ ինձ համարում, որը կարող է լռել, բայց չտեսնել չի կարող:
– Մաշտոցի պուրակում քաղաքացին հաղթեց օլիգարխին, «Փակ շուկայի» դեպքում դեռ պարզ չէ:
– Մաշտոցի պուրակի հաղթանակը հույս է, որ շատ բաներ կարող են այսօր փոխվել ի զարմանս մեզ, իսկ «Փակ շուկայի» հարցը, կարծում եմ, կլուծվի հօգուտ քաղաքացիական հասարակության:
– Լուիզա, բանակում տեղ գտած խնդիրները, արտագաղթը, երբ օրական 477 հոգի լքում է Հայաստանը, որքանո՞վ են Ձեզ անհանգստացնում, որքանո՞վ եք այս խնդիրները նաև Ձեր խնդիրները համարում:
– Արտագաղթի թվերի հետ կապված իսկապես առաջին անգամ լսեցի, թվերն ինձ տխրեցրին, չնայած դաշտում ընդհանուր պատկերացում ունեմ ինչ է կատարվում: Կարծում եմ` արտագաղթը Հայաստանում նորածին խնդիր չէ, երկար պատմություն ունի, խորը արմատներ…
– Անկախության առաջին տարիներին արտագաղթը պայմանավորում էին սոցիալական խնդիրներով, հիմա` արժանապատվության, իրավունքների ոտնահարման խնդիրներով, երիտասարդներն էլ իրենց ապագան չեն պատկերացնում այստեղ…
– Երիտասարդները նաև չեն պատկերացնում, թե ինչքան բարդ է և դժվար դրսում: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, որ այստեղ իրոք ունենք լուրջ խնդիրներ, որոնց հետ, ցավոք, հաճախ ենք բախվում, բայց միֆ է, որ դրսում ամեն ինչ լավ է: Ես շատ եմ շփվում արտերկրի հետ, մասնավորապես Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, որտեղ բնակվում են իմ քույրն ու եղբայրը, այնտեղ շատ խնդիրներ վատ իմաստով անդրադառնում են և տեղաբնակների, և առավել ևս արտագաղթողների վրա: Պետք է ամեն ինչ անենք, որ չգնան: Գոնե մտավոր պոտենցիալ ունեցողները չգնան…
– Մտավոր պոտենցիալ ունեցողներն էլ կանադական ծրագրով են գնում:
– Ես ցավում եմ, որովհետև իմ աղջիկը յոթ տարեկան է, և ես ուզում եմ նա մեծանա և իրեն որպես քաղաքացի դրսևորի այն երկրում, որտեղ կլինեն ռեսուրսներ, իսկ լավ ռեսուրսները գնում են, ցավ է ինձ համար:
– Լուիզա, մեկ տարի հետո նախագահական ընտրություններ են, կա՞ ընտրությունների միջոցով իրականությունը փոխելու գիտակցություն, թե՞ պարզապես 10-20 հազար դրամը վերցնելու միջոց է:
– Ցավոք, շատ քիչ է այն մարդկանց տոկոսը, որոնք ընտրությունները համարում են իրականությունը փոխելու հնարավորություն: Սոցիալական ծանր պայմանները մեր ինքնադիմանկարը կորցրին, շատերի մոտ կորցրին անվերադարձ, և մենք դրա պատասխանը ստանում ենք: Դրա համար ընտրությունների ժամանակ մեծամասնություն են կազմում այն մարդիկ, որոնք 10-20 հազար դրամով են իրենց քաղաքացիական դրսևորումն արտահայտում, բայց կան նաև մարդիկ, որոնք գնում են գիտակցված ընտրության, պարզապես դիսբալանսը շատ մեծ է:
– Վաղը ինչպիսի՞ երկրում կցանկանաք ապրել, երկիր, որտեղ ոչ թե լոկալ, այլ համակարգայի՞ն խնդիրներ լուծված կլինեն:
– Ես կուզենայի ապրել այն երկրում, որի համար ես և իմ ամուսինն անում ենք ամեն ինչ, իսկ ընտանիքը երկրի մի փոքր մոդելն է: Մենք նույնպես կարող ենք գնալ երկրից, մենք նույնպես ունենք այս երկրի հանդեպ շատուշատ դժգոհություններ: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ես այն փափկասուն տիկնանցից եմ, որոնք գլամուրային, մի քիչ անմիտ մտածողությամբ են վերաբերվում, ոչ, բայց ես գտնում եմ, որ գնալը ելք չէ, շատ դեպքերում ես էլ եմ ասում` վերջ, ես էլ եմ գնում այս երկրից, բայց բավական է մտածել վաղվա օրվա մասին, ամեն ինչ պետք է անել, որ ոչ թե լոկալ, այլ համակարգային իմաստով փոփոխված լինի երկիրը, իսկ դրա համար մենք ամեն մեկս մեր տեղում պետք է աշխատենք:












































