Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վերջնականապես հրաժարվել է վերանայել Ասանժին արտահանձնման ենթարկելու մասին որոշումը: Այս մասին հաղորդել է The local.se-ն:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն Շվեդիային արտահանձնելու մասին իր բողոքի գործի քննությունը վերսկսելու հայց էր ներկայացրել:
Այսպիսով, Ասանժը սպառել է բոլոր հնարավոր օրինական միջոցները, որոնք թույլ կտային նրան խուսափել արտաքսումից: Հինգշաբթի օրը դատարանի կայացրած որոշման համաձայն` Ասանժը չի կարող արտաքսվել երկու շաբաթից ավելի վաղ:
Մայիսի 30-ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատել էր Ջուլիան Ասանժին արտաքսելու մասին որոշումը: Շվեդիա արտաքսման դեպքում Ասանժը կարող է հանձնվել ԱՄՆ –ին, որտեղ նա մեղադրվում է լրտեսության մեջ՝ WikiLeaks-ի ստեղծման համար: Ավելի վաղ Ասանժը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: Սակայն մայիսի 30-ին կայացրած որոշումից հետո ԱՄՆ-ի մի շարք պաշտոնական ներկայացուցիչներ հայտարարել են, որ չեն պահանջի WikiLeaks-ի հիմնադրի արտաքսումը:







































