Հայաստանում վերջին շրջանում ներքաղաքական թոհուբոհը կլանել է գրեթե բոլորի ուշադրությունը, բայց պետք է արձանագրել, որ հետաքրքրական բաներ տեղի են ունենում նաև այլ՝ ոչ պակաս կարևոր ուղղություններում: Մասնավորապես, տնտեսության մեջ տեղի են ունենում հետաքրքրական զարգացումներ, և բավական հրատապ է դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թեման:
Օրերս այդ ոլորտում պետության ձևավորած «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության արդյունավետության մասին հարց էր բարձրացրել «Հայկական ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը՝ հայտարարելով, որ ոլորտի քաղաքականությունը տանում է դեպի կործանում: Հիմնադրամը, բնականաբար, արձագանքել էր գնահատականին անհամաձայնությամբ: Օրերս բավական ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը՝ հայտարարելով, որ Հայաստանից տարեկան հեռանում է ոլորտի 400-500 մասնագետ, քանի որ չկա զարգացման հեռանկար, ինչի համար կարևոր է մրցակցության առկայությունը, որը ևս բացակայում է:
ՏՏ ոլորտը Հայաստանում հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ, սակայն ներկայումս Հայաստանի տնտեսությունն ապրում է միայն ներմուծումներով, հանքեր փորելով և մի քիչ էլ զբոսաշրջությամբ: Հայաստանում ՏՏ ոլորտը կա այնքանով, որքանով: Մինչդեռ Հայաստանի շրջափակված տնտեսության, բնական պաշարների սղության, ինչպես նաև մարդկային մեծ պոտենցիալի և ունակությունների տեսանկյունից ՏՏ ոլորտը թերևս կարող է լինել մեր տնտեսության շարժիչներից մեկը: Պարզապես դրա համար անհրաժեշտ է որակապես այլ մակարդակի տնտեսական քաղաքականություն, որը գոնե այս ոլորտում կխթանի ազատ գործունեությունը, հավասար մրցակցությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը: Հայաստանի համար դա ոչ միայն զուտ մակրոտնտեսական կամ սոցիալական, այլև ռազմավարական խնդիր է: Հայաստանն ուղղակիորեն պարտավոր է գերլիարժեք և գերարդյունավետ օգտագործել իր այդ առավելությունը, որ կա մարդկային ռեսուրսի տեսքով:
Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում այդ ռեսուրսի իմաստով Հայաստանն առաջատարն է, իսկ աշխարհում՝ բավական կենսունակ երկրներից մեկը: Պարզ է նաև, որ կա համաշխարհային իսկապես կոշտ և դաժան մրցակցություն, բայց եթե մենք անկարող ենք դիմադրողունակ և մրցունակ լինել այդտեղ, ապա էլ ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսել նոր որակի տնտեսության և պետության մասին: Հետևաբար Հայաստանն այլընտրանք չունի, քան իսկապես ամբողջությամբ նվիրվել այդ ոլորտում որակական բեկում առաջացնելու գործին և ստեղծել իսկապես նոր որակի տնտեսական մի սեգմենտ, որը կարող է դառնալ նոր Հայաստանի լոկոմոտիվը բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ կենցաղային ու մշակութային: Ամբողջ խնդիրն այն է, թե պետությունը ինչ խնդիրներ է դնում իրապես և որքանով է անկեղծ այդ խնդիրները իրագործելու հարցում: Ընդ որում, դա նշանակում է հնարավորինս որակյալ կառավարում ոլորտային քաղաքականության տեսանկյունից, քանի որ եղած կառավարիչները, չբացառելով, որ անկեղծ են, այնուամենայնիվ՝ բավականաչափ կոմպետենտ չեն, որպեսզի կարողանան ապահովել այն բեկումը, որը Հայաստանին է պետք, ոչ թե իշխանական քարոզչությանը, որ ժամանակ առ ժամանակ հիշում է ՏՏ ոլորտը:









































