Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում կազմակերպված «ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակը» նիստում:
Ելույթի ժամանակ Բաղըշին հիշեցրել են PKK-ի գործով քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանայի ազատազրկման համար, ինչին ի պատասխան Բաղըշը հայտարարել է, որ ԵՄ-ը PKK-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Զանան չի վարվել նման կերպ` փոխարենը PKK-ի գործունեությունը դիտարկելով որպես ազատության ու ժողովրդավարության համար մղվող պայքար: Բաղըշը նաև զուգահեռներ է անցկացրել PKK-ի ու «Ալ-Քաիդայի» միջև.
«Թող այժմ ձեզանից մեկն ասի, որ «Ալ-Քաիդան» չի հանդիսանում ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ նրանց կարծիքով՝ դա ազատության համար պայքար է: Եվ ի՞նչ, ձեր դատական համակարգը հանգիստ հետևելո՞ւ է դրան: Ստացվում է, որ եթե այդ հարցը առաջանա ձեր երկրում, ապա դուք ա՞յլ դիրքորոշում կորդեգրեք: Այդ դեպքում ինչո՞ւ է 40,000 մարդու կյանք խլած անձի (Աբդուլլահ Օջալան) նկատմամբ կայացված դատավճիռն այդքան խնդիրներ հարուցում»:







































