Չնայած ձնառատ ձմռանը՝ Սևանա լճից արդեն երկրորդ անգամ ջուր կվերցվի ոռոգման նպատակով: Այսօր կառավարության նիստում Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց, որ առկա է ջրի մեծ դեֆիցիտ, Ախուրյանի ջրամբարի մոտ կեսն է լցված, Ազատանում 10 հազար խմ ջրի դեֆիցիտ կա. «Անցած տարի եթե Սևանից ջուր էինք վերցրել հունիսի երկրորդ տասնօրյակից հետո, այսօր ստիպված ենք կրկին վերցնել»:
Ընդհանուր թույլատրված 170 մլն խմ ջրի փոխարեն նախատեսվում է վերցնել 320 մլն խմ: Թույլատրված շեմից ավելի ջուր վերցնելու համար հարկավոր է Ազգային ժողովի թույլտվությունը:
«Արտակարգ իրավիճակ է: Ջրի սակավության պատճառով վտանգված են Արարատյան հարթավայրի հողատարածքները: Այն ջրային ռեսուրսները, որ այս պահին ունենք, շատ արագ սպառվելու են: Եթե ուզում ենք ապահովել ոռոգման մատակարարում, ստիպված ենք լինելու դիմել ԱԺ և լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու թույլտվություն ստանալ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հաշվարկների և ջրի քանակների միջև տարբերություններ կան, և հանձնարարեց թվաբանության շուրջ համաձայնության գալ:









































