Հունական աջակենտրոնների առաջնորդ Անտոնիս Սամարասն այսօր պահանջել է ընտրություններից հետո ստեղծել կառավարություն` կուսակցությունների լայնածավալ մասնակցությամբ` Հունաստանի անդամակցությունը եվրոգոտում պահելու նպատակով, և վերանայել վարկային համաձայնագիրը ԵՄ–ի և ԱՄՀ-ի հետ: Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, Սամարասը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ կառավարություն, որը նա անվանում է «ազգային փրկության կառավարություն»։ Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամարասը կտրուկ քննադատում էր ԵՄ–ի և ԱՄՀ-ի հետ վարկային համաձայնագիրը, սակայն 2011 թվականի նոյեմբերին նա կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Այժմ նա ձգտելու է, որ համաձայնագիրը վերանայվի:
«Կարծում եմ, որ խնդիրներ ունեցող երկրների հետ դաշինքի, մեծ դեր խաղացող մարդկանց հետ բարեկամութան ճանապարհով մենք կարող ենք շահել նրանից, որ Եվրոպան փոխվում է և հետևում է նոր քաղաքականության: Հունաստանին ևս հնարավորություն է տրվում հասնել դրան»,- գտնում է Սամարասը:
Նրա խոսքերով՝ եթե հունական իշխանությունը հրաժարվի համաձայնագրից, ապա երկիրը կդառնա «հոտի սև ոչխարը»:
«Ինչ-որ մեկն ուզում է, որ գայլն ուտի այդ սև ոչխարին՝ ի նախազգուշացում մյուսների»,- ասել է Սամարասը:







































