Ուկրաինայի և Լեհաստանի միջև համաձայնագիրը՝ կապված ազգային այցագրերի համար վճարը չեղյալ համարելու հետ, կարող է ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ տարվա աշնանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Ալեքսանդր Դիկուսարովը:
Համապատասխան համաձայնագիր ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 6-ին Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի՝ Լեհաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Դիկուսարովը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ավարտին հասցվեն երկու երկրներում ներպետական գործընթացները: «Մենք կարծում ենք, որ դա կլինի այս տարվա երրորդ եռամսյակում, սակայն կփորձենք դա ավելի արագ անել»,- ասել է նա:
Դիկուսարովը նշել է, որ Լեհաստանը կլինի ԵՄ չորրորդ երկիրը, որի հետ Ուկրաինան նման համաձայնագիր է ստորագրել:









































