Թունիսի ռազմական տրիբունալը 2011 թ. «հասմիկների հեղափոխությունից» հետո Սաուդյան Արաբիա փախած նախկին նախագահ Զին Ալ-Աբիդան բեն Ալիին հեռակա կարգով դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրելով անկարգություններ հրահրելու և ցուցարարների սպանություններին մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ռազմական տրիբունալն այս անգամ քննում էր 2011 թ. հունվարի կեսերին Ուարդանին քաղաքում զոհված 4 երիտասարդների գործը: Նրանք մահացու հրազենային վնասվածքներ էին ստացել փողոցային անկարգությունների ժամանակ:
Սա, այնուամենայնիվ, Թունիսի նախագահի առաջին դատավճիռը չէ: Նա նաև դատապարտվել է 16-35 տարվա ազատազրկման կոռուպցիայի, խարդախությունների, պետական միջոցները հափշտակելու և թմրանյութեր պահելու համար:
Հիշեցնենք. 2011 թ. հունվարին Թունիսում տեղի ունեցավ «հասմիկների հեղափոխությունը», որի արդյունքում երկրի նախագահ Բեն Ալին փախավ Սաուդյան Արաբիա: Հեղափոխության օրերին երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվեց մի քանի հարյուր, վիրավորվեց՝ ավելի քան 2000 մարդ:








































