Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ պետական վերահսկիչ խորհուրդն ավարտել է Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի մահվան վերաբերյալ զեկույցի պատրաստման վրա տարվող աշխատանքները:
Քանի որ 1993 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցած Թուրգութ Օզալի մահվան վերաբերյալ կան մի շարք վարկածներ, որոնցից գլխավորը նրան թունավորելու վարկածն է, ուստիև նախագահ Աբդուլլահ Գյուլը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին իրեն կից պետական վերահսկիչ խորհրդին հրամայել է հետազոտել Օզալի մահվան հանգամանքները:
Այդ խորհուրդն էլ սկսել է հետազոտել հասարակության շրջանում շրջանառվող և Օզալի մահվանն առնչվող բոլոր վարկածները և պատրաստել է համապատասխան զեկույց: Զեկույցում նշված է, որ Օզալը նախագահության ժամանակ մահացած նախագահ է: Զեկույցում նաև նշված է, որ նրա մահը վրա չի հասել երկարատև հիվանդության պատճառով և սպասելի չի եղել:
Զեկույցում ասվում է, որ եթե նախագահը մահանում է իր նախագահության ժամանակ և հանկարծակի, ապա դա մշտապես կասկածների տեղիք է տալիս: Սակայն Օզալի մահվան պատճառը պարզելու համար դիահերձում չի կատարվել: Դրա համար էլ անհրաժեշտ է բացել Օզալի գերեզմանը և դիահերձում կատարել:
Զեկույցում հիմնական կասկածյալների թվում է նշվում ներկայումս Ֆըրաթի համալսարանում աշխատող պրոֆեսոր Սարսըլմազը, որն ավելի վաղ աշխատել է նախագահի դիակի հետ և հայտարարել, որ նրա դիակին կապտուկներ կամ այլ հետքեր չեն գտնվել, մինչդեռ Օզալի հուղարկավորությանը մասնակցած բազմաթիվ անձինք հակառակն են պնդում:
Հիշեցնենք, որ կասկածներ կան, թե Թուրգութ Օզալին լիմոնադի միջոցով թունավորել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:








































