«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին և ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը:
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008-ի Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը»,- ապա թերթը հավելում է.
«Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ և հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ, և վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում:
Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:









































