ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երկրում դրության կայունացման ջանքերի խափանման դեպքում Եմենին սպառնացել է միջազգային մեկուսացմամբ: Համապատասխան բանաձևը միաձայն ընդունվել է երեքշաբթի օրը՝ խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Բանաձևում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն պատրաստ է դիտարկել հավելյալ միջոցներ, եթե երկրում շարունակվեն ապակայունացնող գործընթացները: Այդ միջոցները կարող են ներառել տնտեսական կապերի, տրանսպորտային և փոստային հաղորդակցության մասնակի կամ լիովին դադարեցում, նաև՝ դիվանագիտական հարաբերությունների խզում:
ՄԱԿ ԱԽ-ն Եմենի հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնության կիրառումը, գումարել ազգային երկխոսության կոնֆերանս՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, կատարել սահմանադրական փոփոխություններ և ընտրական համակարգի բարեփոխումներ, մինչև 2014 թ. փետրվարն անցկացնել համընդհանուր ընտրություններ:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ ԱԽ-ն միջազգային հանրությանը կոչ է արել հումանիտար օգնություն տրամադրել Եմենի բնակչությանը:








































