ԱՄՆ-ի ու Չինաստանի իրավապահ մարմինները անցկացրել են համատեղ օպերացիա զենքի անօրինական վաճառք իրականացնող խմբավորման դեմ: Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, հղում կատարելով ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության հայտարարությանը, ըստ որի` գործի շրջանակում ձերբակալվել է 28 կասկածյալ: Ընդ որում` նրանցից 23-ը Չինաստանից են, 3-ը` ԱՄՆ-ից:
Առայժմ չի հաղորդվում, թե որտեղ են ձերբակալվել ևս 2 կասկածյալը:
Իր հերթին, AFP-ն հաղորդում է 26 կալանավորվածի մասին, որոնց թվում է ԱՄՆ ազգային գվարդիայի սերժանտը, որի մոտ հայտնաբերվել էր 12 միավոր զենք: Որոշ տեղեկությունների համաձայն` սերժանտը մտադիր էր զենքն ուղարկել Չինաստան:
Օպերացիայի արդյունքում առգրավվել է 105 միավոր զենք, 50 հազար փամփուշտ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենքի հավաքման դետալներ:
Հավելենք, որ խմբավորման գործունեության հետաքննությունը շարունակվել է 9 ամիս:









































