Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 1948 թծ Վազգեն Բադասյանը, վարելով «Սուզուկի Գռանդ Վիտառա» մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































