Վրաստանի իշխանությունները խախտել են Վահագն Չախալյանի միջազգային իրավունքը. այսպիսի որոշում կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ դոկտոր Ֆերնան դը Վարենը, ով ջավախահայերի խնդիրների և ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց է պատրաստել՝ ներկայացնելու ՄԻ Եվրադատարան:
Նա նշեց, որ վերջին տարիներին՝ մասնավորապես 2006-2008 թթ.-ից սկսած, ավելի շատ անհատներ էին ի հայտ գալիս, որոնք խոչընդոտների էին ենթարկվում Վրաստանի իշխանությունների կողմից: Ըստ նրա՝ լրագրողները, լուսանկարիչները և այլ գործիչներ իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվում, մեղադրվում լրտեսության մեջ:
Բանախոսի դիտարկումներով՝ Չախալյանի դեպքը պետք է դիտարկել փոքրամասնությունների ակտիվիստների գործունեության համատեքստում:
Մարդու իրավունքների միջազգային փորձագետը Չախալյանի դեպքը բազմաթիվ պատճառներով առանձնահատուկ համարեց:
«Այս դեպքում մի շարք իրավունքների խախտում է եղել՝ արդար դատաքննություն ստանալու իրավունքը և մոտավորապես չորս հարց, որոնք չեն հարգվում: Երևի առաջին անգամ է հանդիպում Եվրոպական դատարանում, երբ մեղադրյալին պաշտպանելու, վկաներին հարցաքննելու իրավունքը, իրավաբանի և թարգմանության իրավունքը չի ապահովվում: Սա շատ բացառիկ երևույթ է: Այս չորս տեսակները շատ հիմնարար իրավունքներ են»,- մեկնաբանեց փորձագետը՝ հավելելով, որ ՄԻ Եվրոպական դատարանը կորոշի, որ խախտվել է Չախալյանի միջազգային իրավունքը: Սակայն բանախոսը չբացառեց, որ Վրաստանի իշխանությունները կհրաժարվեն և կձգձգեն հարցը:








































