«Հրապարակ»-ը զրուցել է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ, ով, համաձայնելով հարցազրույց տալ «Հրապարակին», առայժմ ձեռնպահ է մնացել ներքաղաքական թեմաներին առնչվող հարցերը շոշափելուց:
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք նորից հիշեցրին նոր պատերազմի իրական սպառնալիքի մասին: Ձեր կարծիքով` և՞ս տեղի ունեցածը պատերազմի նախերգանք է:
-Հունիսի 4-ին ադրբեջանական երկու դիվերսիոն խմբեր ներխուժեցին ՀՀ տարածք և հարձակում գործեցին մեր սահմանային հենակետերի վրա, սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ: Իրարից 60-ից ավելի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր դիրքերը միաժամանակյա հարձակման ենթարկելով՝ Ադրբեջանը շատ կոնկրետ նպատակներ էր հետապնդում: Առաջինը՝ Ադրբեջանը քաղաքական պատասխան տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների սկսած գործընթացին՝ ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն գործում էր արհեստական շնչառության պայմաններում: Պատճառներից մեկը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ դարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների ձախողումն էր: Մյուս հանգամանքը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քայլերն էին՝ ցեղասպանության մերժումը քրեականացնելու օրինագծի հետ կապված, ինչը լավ առիթ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ արտահայտելու իրենց անվստահությունը ոչ միայն Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող, այլև ողջ ԵԱՀԿ ՄԽ-ի հանդեպ:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ողջ դիվանագիտական ներուժն օգտագործում է ԵԱՀԿ ՄԽ-ի դերը փոքրացնելու և ԼՂ կարգավորման հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու համար: Ուշագրավ է, որ Օլանդը, նախագահ ընտրվելուց հետո, ձեռնամուխ եղավ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջացած այն խնդիրների կարգավորմանը, որոնք ծագել էին Սարկոզիի վերոնշյալ քայլերի արդյունքում: Տարածաշրջանային իր այցի ընթացքում ԱՄՆ պետքարւոուղար Հիլարի Քլինթոնը նախ հայտարարեց, որ հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, և ապա համանախագահները կներկայացնեն նոր մոտեցումներ:
Ադրբեջանի հույսերն այսպիսով, թե ԵԱՀԿ ՄԽ-ն կմնա պասիվ ռեժիմում՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերով, չեզոքացվեցին: ԱՄՆ պետքարտուղարի ժամանման օրը Ադրբեջանը դիվերսիոն ներխուժումներով իր վերաբերմունքն արտահայտեց ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերի նկատմամբ: Բացի դրանից , Ադրբեջանն այդ հարձակումներով հրապարակայնորեն ցուցադրեց, որ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն իրեն այնպես չի պահելու, ինչպես ակնկալում էին Հայաստանի իշխանությունները և հասարակությունը: ՀԱՊԿ-ն, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արագ արձագանքել այս միջադեպին, առնվազ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, քանի որ տեղի էր ունեցել զինված ներխուժում անդամ երկրներից մեկի տարածք: Իմ տպավորությամբ` Ադրբեջանը նախապես կարծես վստահ էր, թե ինչ կեցվածք կընդունի ՀԱՊԿ-ն: Սա մեզ համար լուրջ դաս պետք է լինի այն առումով, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք հույսը պետք է մեզ վրա դնենք:
-Ուզում եք ասել, որ Հայաստանը պետք է վերանայի՞ իր անվտանգության հայեցակարգը և ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը չպե՞տք է դիտարկի որպես իր անվտանգության բաղադրիչ:
-Խոսեցի ՀԱՊԿ-ի մասին, չնայած այս կազմակերպությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է շարունակվեն, բայց այդ հարաբերություններում մենք պետք է հանդես գանք որպես գործընկեր, այլ ոչ որպես վասալ: Պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանը Հայաստանին փորձի օգտագործել որպես գործիք՝ Ադրբեջանին իր քաղաքական ազդեցության դաշտ բերելու նպատակով: Մինչդեռ այսօր մենք նման դրսևորումների ականատեսն ենք: Միաժամանակ Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի և ընդլայնի իր հարաբերութունները ՆԱՏՕ-ի հետ:
-Տեսակետ կա, որ դիվերսիոն հարձակումներով Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ չի համակերպվելու ստատուս քվոյի հետ և ձգտելու է դրա փոփոխմանը, Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն:
-Այո, գաղտնիք չէ, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ պայքարում է ստատուս քվոյի փոփոխման համար և, իմ ունեցած տեղեկություններով, պատրաստվում է այս հարցը բարձրացնել առաջիկայում Փարիզում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Ադրբեջանը ստատուս քվո փոխելու տակ հասկանում է բացառապես տարածքների հարցը: Մինչդեռ որպես ստատուս քվոյի փոփոխություն կարող են դիտարկվել բազմաթիվ տարրեր` սկսած շփման գծում այսօր տիրող իրավիճակը, Հայաստանի շրջափակումն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այն փաստը, որ հայկական ազգանուն կրող անձանց մուտքն այդ երկիր արգելվում է՝ անկախ նրանից, Թե որ երկրի քաղաքացին են նրանք հանդիսանում: Սա միջազգային իրավունքի կոպտագույն ոնտահարում է:
Ստատուս քվոյի հարց է նաև շփման գծում դիպուկահարների առկայությունը: Եթե Ադրբեջանը բարձրացնում է ստատուս քվոյի հարց, ապա պետք է նկատի ունենալ, որ դրա մեջ առաջին հերթին մտնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը: Ստատուս քվոն, ըստ էության, արդեն խախտվել է, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը սահմանային միջադեպերի հաճախակի դառնալու պարագայում սառեցված հակամարտությունից վերածվել է ապասառեցված հակամարտության: Այս հարցում հսկայական անելիք ունի ոչ միայն ԵԱՀԿ-ն, այլև Եվրամիությունը, որը ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցացման պայմանագրի մանրամասներն է քննարկում: Եթե Եվրամիությունն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և խաղաղությամբ, ապա այդ պայմանագրերում կետեր պետք է ներառի համաձայն որոնց՝ կողմերին կպարտավորեցնի հարգել հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պարտավորությունները: Անկեղծ ասած՝ ես հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ անկողմնակալ մոտեցում չեմ տեսնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից: Կան հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով նրանք կարող են հետևել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, երեք միջնորդ երկրներն էլ արբանյակային համակարգերից կարող են հստակ հետևել շփման գծում տեղի ունեցողին և անհրաժեշտության դեպքում համարժեք գնահատականով հանդես գալ:
-Ինչո՞ւ են նրանք շահագրգռված հրադադարի ռեժիմի խախտմամբ և ի՞նչ են շահում դրանից:
– Իմ խորին համոզմամբ` մենք արդեն մոտ ենք դարաբաղյան խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված համարելու եզրագծին: Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության արդյունքում այսօր լրջորեն խախտված է հակամարտող կողմերի միջև առկա ռազմաքաղաքական բալանսը, խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի. միայն Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված 1,6 միլիարդի զենքը կամ Ռուսաստանից գնված 24 հարվածային ուղղաթիռները բավարար են հասկանալու, թե ուր է հասել Ադրբեջանը: Ցանկացած հակամարտության դեպքում ռազմաքաղաքական բալանսը կարևորագույն գործոն է խաղաղ կարգավորման հնարավորությունները գնահատելու համար: Եվ պարզ է, որ որքան հակամարտող պետությունների միջև այդ բալանսը կայուն է, այնքան հեշտ է հասնել հակամարտության կարգավորմանը, իսկ եթե այն խախտված է հօգուտ կողմերից մեկի, բնական է, որ այդ կողմը փորձելու է օգտվել իր առավելությունից: Իմ մտահոգությունն այն է, որ խախտված հավասարակշռությունը կարող է ավելի խորանալ ի վնաս մեզ: Բացի այդ, դարաբաղյան խնդիրն այսօր քննարկվում է այնպիսի խնդիրների համատեքստում, ինչպիսին Իրանն է, Սիրիան և տարածաշրջանն ընդհանրապես: Եվ եթե նախկինում կարելի էր պնդել, որ աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկը շահագրգռված չէ պատերազմի վերսկսմամբ, ապա այսօր չի կարելի վստահաբար ասել, թե չկան տարածաշրջանային ուժեր, ովքեր շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ:
-Դուք արդեն խոսեցիք ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի ակնարկած նոր առաջարկների մասին: Ըստ Ձեզ` ինչո՞վ կարող են դրանք նոր լինել և որքանո՞վ կբավարարեն կողմերին:
-Չեմ կարծում, որ կարող են որակական նոր առաջարկներ լինել, առավել ևս, որ լուրջ առաջընթաց կգրանցվի: Այսօր խնդիր է դրված ԵԱՀԿ Մինսկի խումբը նորից աշխուժացնելու, բնականոն ընթացքի բերելու: Կարծես թե Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ, որ առաջընթաց լինի, և ես չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնումը մտնում է Ռուսաստանի ծրագրերի մեջ: Ինչ վերաբերում է Քլինթոնի տարածաշրջանային այցին, ապա դա խիստ կարևոր այց էր, այն ողջունելի էր Հայաստանի և Վրաստանի համար և ոչ այնքան ցանկալի Ադրբեջանի իշխանությունների համար:
-Հայաստանը հայտնվել է սպասողի դերում, երբ ադրբեջանական դիպուկահարները կսպանեն հայ զինվորի, որ պատասխան տան, երբ դիվերսիա կլինի, որ պատասխան լինի, երբ Ադրբեջանը կհամարի, որ խաղաղ լուծման հնարավորությունը սպառված է և պատերազմ կսկսի, որ մենք պաշտպանվենք: Որքանո՞վ է այս վիճակը նորմալ:
-Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում շատ մեծ ռիսկի կդիմի: Բացի մեր պատասխանից, նա պետք է հաշվի առնի Ռուսաստանի հնարավոր արձագանքը: Արդյոք Ադրբեջանն ունի՞ այն վստահությունը, որ, պատերազմն օգտագործելով, Ռուսաստանը մեկ անգամ ևս չի ներխուժի Վրաստան: Այսօր Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրված են, և դժվար է ասել, թե պատերազմի դեպքում ինչպիսին կլինի Իրանի արձագանքը: Դժվար է կանխատեսել նաև Արևմուտքի արձագանքը և վերաբերմունքը պատերազմի նկատմամբ: Եվ իհարկե, ինչ անկում կապրի Ադրբեջանի հեղինակությունը, որպես գազ և նավթ արտահանող երկիր, դրան գումարած Ադրբեջանի` նավթագազային ողջ ենթակառուցվածքների ճակատագիրը իր իսկ կողմից նոր պատերազմ սանձազերծելու դեպքում: Նոր պատերազմն էականորեն կտարբերվի նախորդ պատերազմից. այս անգամ առաջնայինը միայն ռազմական բաղադրիչը չի լինելու, այլև տեղեկատվական, դիվանագիտական և այլ հարցեր:
Ադրբեջանի դիրքորոշումն է՝ պահել լարվածությունը, քանի դեռ իր մաքսիմալիստական հավակնությունները չեն բավարարվել: Ուզում եմ ամրագրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արեց մի բան, որը երկար տարիներ չէր հաջողվում ՀՀ իշխանություններին. նա միջազգային հանրությանն ապացուցեց, որ անհնար է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ լինի Ադրբեջանի ենթակայության տակ:









































