Ամերիկյան Varity Fair ամսագիրը հրապարակել է դերասանների, ռեժիսորների և պրոդյուսերների ցուցակ, որոնք 2010թ.-ին վաստակել են ամենաշատ գումարը: Ցուցակում ընդգրկված է ընդամենը 40 մարդ:
Առաջին տեղում է Ջեյմս Քեմերոնը, որը, ըստ ամսագրի, աշխատել է 257 մլն դոլար: Դրանցից 248 մլն դոլարը նա ստացել է «Ավատարից», 5 մլն դոլարն աշխատել է խաղալիքների վաճառքից, որոնք ստեղծվել էին այս կինոնկարի մոտիվներով, իսկ 4 մլն դոլարը նրա նախկին նախագծերից է:
Երկրորդ տեղում Ջոնի Դեպն է, որն աշխատել է 100 մլն դոլար: Նրա եկամտի գլխավոր աղբյուրները Թիմ Բարթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» և Ռոբ Մարշալի «Կարիբյան ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմերն են:
Երրորդ տեղում է Սթիվեն Սփիլբերգը` 80 մլն դոլարով, որից 50 մլն դոլարը ստացել է Universal ստուդիայի թեմատիկ զվարճալի այգու կառուցմանը մասնակցելու համար, 20 մլն դոլարը` կանխավճար, Մայքլ Մորպուրգոյի «Մարտական ձի» գրքի հիման վրա նկարահանվելիք ֆիլմի համար, իսկ 10 մլն դոլարը` հին նախագծերից:
Ցուցակի չորրորդ տեղում է Քրիտոֆեր Նոլանը, որն աշխատել է 71,5 մլն դոլար: Առաջին հնգյակը եզրափակում է Լեոնարդո դի Կապրիոն` 62 մլն դոլար արդյունքով, որից 59 մլն-ը նա աշխատել է Նոլանի «Սկիզբը» ֆիլմում նկարահանվելու համար:











































