Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ հանուն Սիրիայի խաղաղության ծրագրի, որի օգնությամբ կիրականացվի քաղաքական անցումը նոր իշխանություններին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա՝ նրան մեկուսացնելու համար:
«Բաշար Ալ-Ասադը կմտնի պատմության մեջ որպես դաժան բռնապետ, որը հաշվեհարդար է տեսել սեփական ժողովրդի հետ: Միանգամայն ակնհայտ է, որ պատմությունը համապատասխան կերպով կգնահատի նրանց, ովքեր աջակցում են նրան (Սիրիայի նախագահին.- 1in.am) և շարունակում են դա անել»,- ասել է նա:
Քարնին նաև հաստատել է այն տեղեկությունը, որ առաջիկայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Քոֆի Անանը կքննարկեն Սիրիայի հարցը: