Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը Չինաստան իր այցից առաջ հոդված է գրել տեղի «Ժենմին ժիբաո» թերթի համար: Հոդվածի ամբողջական տեքստը հրապարակվել է vesti.ru կայքում:
Դիմելով պարբերականի «բազմամիլիոնանոց լսարանին»՝ Պուտինը խոսել է բոլոր համաշխարհային գործընթացներում Ռուսաստանի և Չինաստանի կարևոր դերի մասին՝ ընդգծելով, որ համաշխարհային քաղաքականության և տնտեսության ոչ մի կարևոր հարց հնարավոր չէ լուծել առանց այդ երկու երկրների շահերը հաշվի առնելու: «Այդ պայմաններում մենք գիտակցում ենք երկարաժամկետ հեռանկարներով ռուս-չինական հետագա ռազմավարական համագործակցությունը կառուցելու ընդհանուր պատասխանատվությունը»,- գրել է ՌԴ նախագահը:
Պուտինն ընգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «նոր տիպի միջպետական կապերի օրինակ են», որոնք «ազատ են տարբեր տեսակի հակումներից և կարծրատիպերից» և «չեն ենթարկվում այսրոպեական կոնյուկտուրային»:
Նախագահն իր հոդվածում հիշեցնում է, որ 2011 թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցիչի՝ 83.5 մլրդ դոլարի, իսկ 2015 թ. այդ թիվը կհասնի 100 մլրդ-ի, 2020 թ.՝ 200 մլրդ-ի:
Համատեղ նախագծերի թվում Պուտինը հատկապես նշել է Ռուսաստանի մասնակցությունը Տյանվանի ատոմակայանի առաջին շինարարությանը և հույս հայտնել, որ այդ նախագիծն իրականացնելու հետագա համագործակցությունը կշարունակվի:
Այնուհետև Պուտինը գրում է, որ ժամանակն է սկսել «մարդասիրական բնագավառում ռուս-չինական համագործակցության զարգացման գործողությունների երկարաժամկետ ծրագրի» մշակումը:
ՌԴ նախագահը նաև շեշտել է Շանհայի համագործակցության կազմակերպության ձեռքբերումները տարածաշրջանում կայունություն ձեռք բերելու գործում և գրել, որ կազմակերպության անդամ երկրները պետք է սերտ համագործակցեն ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտներում:
Հիշեցնենք. այսօր Վլադիմիր Պուտինը սկսում է այցը Չինաստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության հունիսի 6-7-ը կայանալիք գագաթնաժողովին: