Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացն իրականացվել է 66 տոկոսով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Վերջինիս խոսքերով՝ դեռ վաղ է սահմանային Դավիթ Գարեջի վանական համալիրի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ անելը.
«Սահմանագծման աշխատանքների 66 տոկոսն ավարտված է: Մնացյալ մասի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվել: Երկու երկրների նախագահները հեռախոսազրույցներ են ունեցել, բացի այդ, երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցկացվում են հավելյալ խորհրդակցություններ:
Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կանցկացվի սահմանների հաստատման հանձնաժողովի նիստը, որը կվերսկսի հավելյալ հարցերի շուրջ քննարկումը: Սակայն դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը»: