Հայաստանում օրգանական գյուղատնտեսության գիտական և գործնական զարգացումը ետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից: Թեև Հայաստանի հողակլիմայական պայմանները նպաստավոր են օրգանական գյուղատնտեսության համար¸ այդ ուղղությամբ աշխատանքներ մեզ մոտ սկսվել են միայն վերջին տարիներին:
Իսկ պատճառը գյուղացիական տնտեսությունների սոցիալական վիճակն է և կազմակերպված շուկայի բացակայությունը: Ուստի տարածաշրջանում այս բնագավառում ավելի ծանրակշիռ տեղ գրավելու համար դեռևս լուրջ միջոցառումներ են պահանջվում:
Մասնագետների կարծիքով, մեր երկրում ներուժային մեծ հնարավորություն կա օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Մասնավորապես այն¸ որ ՀՀ տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 390-4095 մ բարձրության վրա, և աչքի է ընկնում ուղղաձիգ գոտիականության խիստ արտահայտվածությամբ ու կլիմայի բազմազանությամբ:
«Հենց դրանով են պայմանավորված համեմատաբար փոքր տարածություն ունեցող Հայաստանի հարուստ բուսականությունը, ֆլորայի բազմազանությունը և ինքնատիպությունը»¸- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց բնապահպան Մարինա Գինոսյանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում աճող 3500 բուսատեսակներից ավելի քան 180-ը էնդեմիկ են, իսկ 250-ն ունեն բուժական նշանակություն: Մասնագետի համոզմամբ, հենց դրանով է պայմանավորված մեր լեռնային շրջանների բնակչության երկարակեցությունը:
Իսկ տեղի արտադրանքն էկոլոգիապես մաքուր է այն պարզ պատճառով, որ բավականին երկար ժամանակ գյուղացին հնարավորություն չի ունեցել օգտագործելու հանքային պարարտանյութեր և պեստիցիդներ, ուստի օգտագործել է միայն օրգանական պարարտանյութեր և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարել է միայն բուսական պատրաստուկներով:
Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ` Հայաստանում ուսումնասիրություններ անցկացնող արտասահմանյան մասնագետները համոզված են¸ որ Հայաստանի պես փոքր ֆերմերային տնտեսություններում ավելի հեշտ է զարկ տալ օրգանական գյուղատնտեսությանը:
Պարզապես պետք է նպաստել այդպիսի ֆերմերային տնտեսությունների պահպանմանը և հետագա զարգացմանը` դրանք ներգրավելով անասնապահական մթերքների, դեղաբույսերի, համեմունքների և այլ օգտակար բույսերի մշակության մեջ, ինչպես նաև օգնել արտադրանքն իրացնելու գործում:










































