Հայտնի չէ` Իրանի և Հայաստանի իշխանությունները իսկապես մտադի՞ր են նավթամթերքի արտահանման նոր խողովակաշար կառուցել, թե՞ սա պարզապես քաղաքական հայտարարություն է` ինչ-որ մարդկանց ինչ-որ բան հասկացնելու նպատակով:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը` մեկնաբանելով Իրանի և Հայաստանի միջև նոր խողովակաշարի կառուցման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ իրանական SHANA գործակալության տարածած տեղեկատվությունը:
Նա երկու մտահոգություն հայտնեց. «Առաջին մտավախությունս այն է, որ այս ծրագիրը ևս կարող է արժանանալ Իրան-Հայաստան գազատարի ճակատագրին` կառուցվելով փոքր թողունակությամբ և դառնալով մեկ այլ պետության սեփականություն:
Երկրորդ մտահոգությունս վերաբերում է այս ծրագրի իրականացման քաղաքական և տնտեսական նպատակահարմարությանը: Եթե քաղաքական առումով կարելի է դրական գնահատել, ապա տնտեսական առումով լավ քայլ համարելու համար պետք է մի քանի բան ճշգրտվի:
Պետք է իմանանք` որտե՞ղ է կառուցվելու, ի՞նչ շուկա է սպասարկելու, ի՞նչ արտադրանք է տալու, ինչպիսի՞ էկոլոգիական խնդիրներ է առաջացնելու, ինչպիսի՞ տնտեսական արդյունավետությամբ է աշխատելու և վերջապես ինչպիսի՞ ներքին պահանջարկ է բավարարելու»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս առումով ոչինչ չի ասվում:
«Ամեն դեպքում այս ծրագիրը տնտեսական առումով բավականին երկարաժամկետ բնույթ ունի, այնպես որ` չեմ կարծում, թե առաջիկա 5 տարիների ընթացքում այն կիրականանա»,- հավելեց Մ. Արիստակեսյանը:









































