«Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ֆինանսավորմամբ սկսել է «Սովորենք` սովորեցնենք» փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացումը:
Ծրագրի շրջանակներում տարածաշրջանի գյուղական համայնքների 60 ուսուցիչների համար կկազմակերպվեն համակարգչային գրագիտության և դրա համար անհրաժեշտ անգլերեն լեզվի նվազագույն իմացության դասընթացներ: Ծրագրի աջակցմանը նպաստում է նաև Կրթության ազգային ինստիտուտը:
ՀԿ նախագահ, ԿԻԱ Կապանի մասնաճյուղի տնօրեն Մագդա Գևորգյանի խոսքով, պարապմունքներն անց են կացվում փոքր խմբերով, ինչն ավելի արդյունավետ է:
Տիկին Գևորգյանը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի ու պատրաստվում է նորից դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Առցանց դրամաշնորհային ծրագրի» մրցույթին:
«Ուսուցիչների ոգևորությունը մեծ է, անկեղծ ասեմ, կարիքը ուսումնասիրել էինք, բայց չէինք պատկերացնում, որ ցանկացողների թիվը մեծ կլինի: Ապագայում ծրագիրը կիրականացնենք Քաջարանի ու Մեղրիի տարածաշրջանների ուսուցիչների համար»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մ. Գևորգյանը:
Ուսուցանված մանկավարժներին վերջում կտրվեն վկայականներ: