Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Պետք է հասկանանք մայիսի 6-ի անատոմիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ժուռնալիստ, ԷՅ.ԷՄ. ՄԵԴԻԱ ՓՐՈԴԱՔՇՆ ընկերության Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, եթե ամփոփենք նախընտրական քարոզարշավը, ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարողացան կուսակցությունները և մեծամասնականով առաջադրված պատգամավորները ճիշտ PR կազմակերպել, և առհասարակ մեր երկրում PR տեխնոլոգիաները որքանո՞վ կարող են ազդել ընտրական պրոցեսների, ընտրության արդյունքների վրա:

– Ցավոք, մեզ մոտ քաղաքական տեխնոլոգիաների, PR-ի մասին, գոնե շատ կուսակցությունների ու անհատների մոտ պրոֆեսիոնալ պատկերացումներ հիմնականում չկան: Ըստ էության, գրեթե չկան նաև պրոֆեսիոնալ ու որակյալ կրթությամբ մասնագետներ: Կան մարդիկ, անշուշտ, ովքեր ունեն փորձառություն, մասնակցել են որոշակի գործընթացների, նաև քաղաքական գործընթացների, բայց ես չէի համարի նրանց պրոֆեսիոնալ մասնագետներ, քանի որ յուրաքանչյուր մասնագիտություն կոնկրետ կրթվածություն է պահանջում: PR-ը հատուկ մասնագիտություն է, դու չես կարող զբաղվել, ասենք, հացի բիզնեսով, կամ ինչ-որ բան վաճառել և միաժամանակ PR մասնագետ լինել: Քաղտեխնոլոգները կուսակցություններից, ընտրական պրոցեսներից դուրս անհատներ չեն և չեն կարող ուղղակի գնահատականներ տալ: Քաղտեխնոլոգներն այն մարդիկ են` հիմնականում հոգեբաններ և սոցիոլոգներ, որոնք ընդգրկված են ընտրական բուն պրոցեսի մեջ, գիտեն իրենց կուսակցության կամ իրենց թեկնածուի քաղաքական նպատակները, ծանոթ են նրա քաղաքական մտածողությանը, ծանոթ են էլեկտորատին, հասկացել են ընտրության գնալու խնդիրը և դրան հասնելու համար մշակում են որոշակի տեխնոլոգիաներ, մոդելներ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, այս իմաստով քաղտեխնոլոգ է: Նա իր քաղաքական նպատակին հասնելու համար առաջարկում էր, ասենք, «Հեղափոխություն 30 վայրկյանում» մոդելը և այլն: Իհարկե, ընդհանուր առմամբ բոլոր կուսակցություններն էլ ինչ-որ կերպ նախապատրաստվել էին ընտրական քարոզարշավին, մշակել էին կարգախոսներ, մոդելներ, բայց գլոբալ առումով լուրջ PR որևէ կուսակցության կողմից չարվեց: Եթե մենք ունենայինք շատ լավ PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ, չէինք ունենա այն ընտրական շրջանը, որ ունեցանք: Նկատի ունեմ թե՛ կուսակցությունների կարգախոսները, թե՛ հիմնականում հնացած մոդելներն ու տեխնոլոգիաները: Շատերը կհիշեն խորհրդային շրջանը, խորհրդային առաջնորդներին այն ժամանակվա ֆորմալ ընտրությունների ֆոնին, հանդիպումները աշխատավորության հետ, որոնք գուցե այդ ժամանակի քաղաքական տեխնոլոգիաներն էին: Օրինակ՝ Հովհաննես Բաղրամյանը Հայաստանում էր ընտրվում ԽՍՀՄ Գերագույն սովետի պատգամավոր, այդ փուլում գալիս էր Հայաստան, լինում տարբեր գյուղերում, շրջաններում, աղ ու հացով դիմավորում էին տատիկներ և պապիկներ, ողջագուրվում էին, համբուրվում և այլն: Բայց գոնե ինքը Հովհաննես Բաղրամյանն էր, հերոս էր:

Մենք այդ ժամանակներից առաջ չանցանք: Գրեթե բոլորը նույն մոդելն օգտագործեցին. հիմնականում կուսակցությունների առաջնորդներ, ովքեր այցելեցին գյուղեր, մարզեր, հանդիպեցին տատիկ-պապիկներին, համտեսեցին աղ ու հացը, ստանդարտ ելույթներ ունենցան և այլն: Բոլորի մոտ հռետորաբանությունը նույնն էր, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Եթե փորձենք համեմատել, ասենք, Գագիկ Ծառուկյանի նախորդ ընտրությունների ելույթները, տեսահոլովակները, ապա կտեսնենք, որ ոչ մի բան փոխված չէր: Արթուր Բաղդասարյանն էլ նույն ոճով, նույն ձայնով, նույն տոնայնությամբ, նույն հռետորաբանությամբ: Եթե լինեին PR մասնագետներ, գոնե այս խնդիրներին որոշակի ուշադրություն կդարձնեին: Ուշադրություն կդարձնեին հագուստին, փողկապներին, կբացառեին տարբեր էլեկտորատների առջև նույն ելույթների, նույն հռետորաբանության կիրառումը, կփորձեին ուղղորդել: Բայց այդ դեպքում պետք է խնդիր դրված լիներ, թե ինչ էլեկտորատի համար են իրենք ելույթ ունենում, արդյոք իրենք ուզո՞ւմ են նույն լեզվով խոսել այդ պահին իրենց լսող էլեկտորատի հետ: Արդյոք, ասենք, Հրանտ Բագրատյանի բարդ տնտեսագիտական հաշվարկներն ու կոռելյացիաների մասին դիտարկումները էակա՞ն էին Վարդենիսի հասարակության համար, որը շատ պարզ, մարդկային, անլուծելի խնդիրներ ունի, կամ Գագիկ Ծառուկյանի ելույթները կարո՞ղ էին հետաքրքրել ամերիկյան համալսարանական կրթությամբ երիտասարդ էլեկտորատին: Չնայած կարծում եմ, որ բոլոր կուսակցություններն էլ չէին ուզում խոսել, պայմանականորեն ասենք, գիտակից էլեկտորատի հետ: PR-ի` գոնե կարգախոսների, հասարակության հետ շփվելու մոդելների առումով առավել հաջողված դրվագներ կային մեծամասնականով առաջադրված որոշ թեկնածուների մոտ:

– Հնարավո՞ր է՝ իրենք չուզեցին PR-ի վրա գումար ծախսել, քանի որ միևնույն է, իրենք նաև ընտրակաշառք էին բաժանելու իրենց էլեկտորատի համար:

– Հնարավոր է մի շարք կուսակցությունների համար նաև այդ գործոնը կար: Բայց ավելի շատ կարծում եմ, իրենք հասկանում են, որ մեծ հաշվով PR-ը Հայաստանում ընտրությունների ժամանակ չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ, իրավիճակ փոխել: Մենք չենք ապրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ Չիկագոյում այլ էլեկտորատ կա, իսկ Կալիֆոռնիայում այլ, կան ավանդույթներ, կան հավերժական դեմոկրատներ և պահպանողականներ և այլն: Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե բոլորս իրար անհատապես ճանաչում ենք, որտեղ հասարակության մեջ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կա որոշակի կոնկրետ մտածողություն, և իսկապես իրենք հասկանում են, որ իրենց համար PR-ը շատ լուրջ նշանակություն չի կարող ունենալ: Գուցե PR-ը կարող էր շատ մեծ նշանակություն ունենալ երիտասարդ սերնդի համար, բայց իրենք, ինչպես ասացի, այդ երիտասարդ սերնդի, այդ գիտակից հասարակության վրա շեշտադրում չարեցին, նրա վրա հույս չդրեցին, նրան չներգրավեցին: Ի վերջո, մեր հասարակությունն այնքան քաղաքականացված է, որ բոլորն անգիր գիտեն, թե ինչ է եղել նախկինում, ով ինչ է ասել նախորդ ընտրությունների ժամանակ, ինչ է արել, ինչ չի արել, ով ուր է հասել: Գուցե շատ ավելի զարգացած հասարակությունների համար է PR-ը, որովհետև նրանք ապրում են ուրիշ խնդիրներով, ուրիշ կյանքով, ուրիշ արժեհամակարգում և ընտրությունից ընտրություն փորձում են հասկանալ, թե ովքեր են գալիս և ինչ են առաջարկում: Մեզ մոտ գրեթե երբեք ոչ մի բան չի փոխվել` անկախ նրանից, թե ովքեր են եկել, դրա համար էլ սպասում չկա, թե ովքեր են գալու: Ի վերջո, այս ընտրությունը, 90-ականների մեր երկրորդ ընտրությունից սկսած` գրեթե նույն թիմի մեջ է: Այլ հարց է, որ որոշ մարդիկ մի ժամանակ այլ ճամբարում էին, այսօր այլ ճամբարում են: Եթե ցուցակները փորձենք համեմատել, համարյա նույն նոմենկլատուրան է, որը տարիներ շարունակ երկրում աշխատել է: Ժառանգությունն ինչ-որ նորություն փորձեց անել, ինչ-որ նոր ոճի տեսահոլովակներ նկարահանել, բայց դա կարծես ինքնանպատակ էր, քանի որ ասելիքը չկար: Ձախ Հարութի և Ռուբեն Հախվերդյանի «Սարերի քամին» էլ շատ լավ երգ էր ու ճաշակով հոլովակ էր այսօրվա անհեթեթ շոու-բիզնեսի ֆոնին, շատ դրական էմոցիաներ էր առաջացնում, բայց ընդամենը այդքանը: Դաշնակցությունն էլ փորձել էր Սարյանի կտավի միջոցով ինչ-որ ուղերձներ հղել, բայց ստացվել էր շատ կոկիկ, բայց ազդեցություն չունեցող, իմ կարծիքով, մի բան:

– Իսկ այդ դեպքում ի՞նչ տեսահոլովակ կարելի էր նկարահանել, որը կարող էր ազդեցություն ունենալ:

– Խնդիրը տեսահոլովակի մեջ չէ: Շատ կարևոր է ասելիքը: Եթե որևէ ուժ լուրջ համակարգային փոփոխություններ առաջարկեր, ինչի սպասելիքը կար, արժեհամակարգային փոփոխություններ առաջարկեր կամ ուղղակի սոցիալական ընդգծված ուղղվածություն ունենար և չխոսեր ամեն ինչից, դրանից բխեցներ իր կարգախոսը և PR-ը, գուցե լուրջ հաջողություն ունենար: Խնդիրն այն է, որ ոչ մեկը նորություն չէր ասում: Եթե ամեն ընտրությունից առաջ ասում եք աշխատավարձը կամ թոշակը կբարձրանա, մարդիկ չեն հավատում, որովհետև միշտ խաբվել են: ՕԵԿ-ի կարգախոսն էր, չէ՞« «Վստահեք, որ կառուցենք օրինաց երկիր»: Սա աբսուրդ էր և նշանակում էր ծաղրել հասարակությանը: Ակնկալել, որ այդ կարգախոսից հետո հասարակությունը կգնա իրենց հետևից, առնվազն անհեթեթություն էր: Հինգ տարի լինել իշխանության մեջ, կոալիցիայի մեջ, ունենալ լծակներ, միջոցներ և չկառուցել օրինաց երկիր հիշեցնող թեկուզ մի բան և ասել վստահեք, որ կառուցենք` լուրջ չէ: Դրա համար էլ չվստահեցին, ըստ էության:

«Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը նույնպես, իմ կարծիքով, ճիշտ ընտրված չէր: Այստեղ ոչ մի պոզիտիվ բան չկար առաջին հերթին: Երկրորդ` տարիներ շարունակ «հանցավոր ռեժիմ» չարաբաստիկ բառակապակցությունը իդենտիֆիկացվել է Տեր-Պետրոսյանի իշխանության հետ: Դա ճիշտ է, թե սխալ` հարցի մյուս կողմն է: Իմ կարծիքով, իմ խորը համոզմամբ, հանցավոր ռեժիմ չի եղել, եղել են բաներ, որոնք պետք է չլինեին, բայց ռեժիմը չի եղել: Այդ արտահայտությունը հորինողներն ունեցել են ինչ-ինչ շահեր, հետապնդել են ինչ-ինչ նպատակներ, բայց սա չէ կարևորը: Կարևորը, որ այդ չարաբաստիկ արտահայտությունը վերադարձնելով` բումերանգի էֆեկտից չես ձերբազատվում: Բացի այդ, սա նշանակում է, որ դու չես ասում ինչի համար պետք է տան ձայնը հենց քեզ: Նրանց ձայն չտալը չի նշանակում չէ՞, որ քեզ պետք է տան ձայնը: Եվ ամենակարևորը. եթե «հանցավոր ռեժիմ» արտահայտությունը պետք է տրանսֆորմացվեր, այն որևէ արդյունք տալ չէր կարող: Մինչև ընտրությունները «հանցավոր ռեժիմը» էլեկտորատի, հասարակության համար այլ հասկացություն էր, «հանցավոր ռեժիմի» տակ ենթադրվում էր երեք կուսակցություն՝ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, բայց հետո տրանսֆորմացվեց «հանցավոր ռեժիմ» հասկացությունը, և դրա մեջ մնացին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Հասարակության համար հասկանալի չդարձավ, թե ինչու ԲՀԿ-ն դադարեց «հանցավոր» լինելուց: Ինչու բոլորի բաժանածը ընտրակաշառք էր, ԲՀԿ-ինը` բարեգործություն, նվիրատվություն: Ինչու ՕԵԿ-ի հեռախոսները տեսանելի էին, ԲՀԿ-ի տրակտորները` ոչ: Սրանք, անշուշտ, խնդիրներ էին:

Եթե զուտ փիլիսոփայական առումով դիտարկենք, ընտրարշավի ամենահաջող կարգախոսը գուցե հենց «Հավատանք, որ փոխենք»-ն էր: Իհարկե, ես այդպիսի կարգախոս շրջանառության մեջ դնելուց առաջ անպայման կմտածեի, որ հասարակությունը դրան միանշանակ չի վերաբերվելու և բնական հարց է տալու. գուցե փոխեիք, որ հավատայինք, կամ փոխվեիք, որ հավատայինք, որովհետև չի կարելի լինել իշխանություն, ամենահզորը իշխանության բուրգում և ասել հավատացեք, որ փոխենք: Այստեղ, կարծում եմ, այն փիլիսոփայությունը կար, որ բոլորս պետք է փոխելու համար մասնակից լինենք, և ոչ թե պետք է փոխենք Սերժ Սարգսյանի բնավորությունը կամ որևէ մեկի հագուստը, ինչը շատ անգամ հենց այդպես մեկնաբանվեց, այլ մենք պետք է փոխվենք մեր մոտեցումներով, մեր մտածողությամբ, մեր աշխարհընկալմամբ: Հայտնի ձևակերպումը կա.«Բոլորն ուզում են աշխարհը փոխել, ոչ ոք չի ուզում սկսել իրենից»: Ես կարծում եմ, որ այս կարգախոսի մեջ իրենից սկսելու փիլիսոփայությունը կար, բայց գուցե ես եմ այդպես կարծում: Այնուհանդերձ, որպես իշխանության կարգախոս, կարծում եմ, դարձյալ շատ հաջող չէր:

– Ի՞նչ առանձնահատկություններ կային նախորդ ընտրությունների համեմատ PR տեխնոլոգիաների, առաջնորդների հագուկապի և այլնի հետ կապված:

– Կարծում եմ` մեծ հաշվով առանձնահատկություններ չկային: Հատկապես հագուկապի, հագնվելու առումով, խոսքի մեխանիզմների առումով առանձնապես ոչ մեկը չի աշխատում: Ի վերջո, Հայաստանում, եթե նույնիսկ մարդիկ կան, անշուշտ կան, որոնք ուզում էլ են աշխատել կամ ինչ-որ բան անում են, միևնույն է, վերջում շեֆը պետք է համաձայնվի, իսկ յուրաքանչյուր շեֆ համաձայնվում է իր արժեհամակարգի, իր մտածողության, իր ճաշակի սահմաններում: Ես, օրինակ, Գագիկ Ծառուկյանին կհամոզեի, որ խոշոր պլանով ամբիոնի մոտ, հսկա բազուկներն ամբիոնին կադրը չպետք է ցույց տալ անընդհատ:

– Դուք նշեցիք, որ գիտակից հասարակության համար չեն աշխատում նախընտրական քարոզարշավին: Ինչո՞ւ, մտածում են՝ քիչ տոկո՞ս է կազմում, կարելի է անտեսե՞լ:

– Ցավալին այն է, որ իրենք մտածում են, որ այդ գիտակից հասարակությունը չկա: Այս նույն մտածողության արդյունքն է այսօրվա հեռուստատեսությունը, մամուլը: Բայց, անշուշտ, այդ գիտակից հասարակությունը կա, որն, իմ կարծիքով, հիմնականում իր քվեաթերթիկն անվավեր դարձրեց, որովհետև ընտրություն չուներ:

– Կրեատիվ առաջարկներ այդպես էլ մեծ հաշվով չեղան հասարակությանը:

– Միայն Հայաստանում է, որ կրեատիվ ասելով հասկանում են աջ ականջը ձախ ձեռքով բռնելը, բայց կրեատիվն ամենևին էլ դա չէ: Կրեատիվն ամենապարզ բանն է, ամենաուղիղ ազդեցություն գործող բանը: Ամենակարևոր խնդիրը հեռանկարի բացակայությունն էր: 2007-ին, երբ Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, շատերը հեռանկար տեսան, տեսան փոփոխության հնարավորություն, տեսան արժեհամակարգային փոփոխության շանս, տեսան քաղաքական ազնվություն, տեսան երիտասարդներին քաղաքականություն բերելու միտում: Այն ժամանակ էլ այսօրվա ՀԱԿ անդամներն արձանագրեցին, որ աննախադեպ ընտրակեղծիքներ են եղել, որ ընտրակաշառք է եղել, բայց հասարակությունը քվեարկել էր չէ՞: Այդ հասարակությունն էր չէ՞, որ շարունակեց հզոր քաղաքացիական շարժումը: Այդ չինովնիկներն ու պետական ծառայողներն էին չէ՞, որ մասամբ քվեարկեցին շարժման օգտին, մնացին հրապարակներում, չվախեցան: Կարծում եմ` այսօր չի կարելի այդ հասարակությանը մեղադրել ծախվածության կամ ոչխար լինելու մեջ: Ուղղակի պետք է մայիսի 6-ի անատոմիան հասկանանք: Երբ իշխանության հետ երկխոսություն սկսվեց, երկխոսության սկսվելուն պես որոշ կասկածներ առաջացան հասարակության մոտ, սկսեցին կասկածել, չհավատալ: Երբ «հանցավոր ռեժիմը» քաղաքագիտական վերլուծությամբ տարանջատվեց, հասարակության կասկածները խորացան: Հեռանկարի բացակայությունը հանգեցրեց այսօրվա արդյունքին: Եվ պատահական չէ, որ այս ընտրություններից հետո, մեծ հաշվով, չկար այն հուսահատությունը, որ կար նախագահական ընտրություններից հետո: Մայիսի 6-ի անատոմիան պետք է հասկանանք, վերլուծենք: Ընտրակաշառքը վերցրեց, քանի որ չտեսավ հեռանկարը, եթե իմանար՝ ինչ է վաղը լինելու, չէր վերցնի: Ինքը խաղ տեսավ, դրա համար վերցրեց: Այս պարագայում գործեց «նաղդի» և «նիսյայի» մասին հայտնի ասացվածքը: Կարծում եմ՝ այս խաղի կանոնները, ցավոք, ՀԱԿ-ը թելադրեց, իսկ իշխանությունը լավագույնս այս ամենից օգտվեց:

– Հրապարակի պայթյունները չազդեցի՞ն Հանրապետականի իմիջի վրա:

– Հրապարակի պայթյունը դժբախտ պատահար էր, որից իշխանությունները պետք է եզրակացություններ անեն ու մեղավորներին պատժեն: Ինձ համար բարոյական չէր Վարդան Օսկանյանի ապշելը: Գուցե պետք էր մարտի 1-ից կամ հոկտեմբերի 27-ից հետո ապշել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում