Պաշտոնից հեռացող Նիկոլա Սարկոզին հաջողություն է մաղթել իր հաջորդին Նախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակ: Սարկոզին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին կատարած աշխատանքի համար, իսկ նրանք նախագահին ծափահարություններով են ողջունել:
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ գլխավոր պարտականությունը, որը 2007 թ. երկրի ղեկավարը վերցրել էր իր վրա, իրականացված է: Այդ պարտականությունը Ֆրանսիային նորից շարժման մեջ դնելն էր: Մենք իրականացրել ենք ավելի շատ բարեփոխումներ, քան որևէ կառավարություն, և դա՝ ճգնաժամի պայմաններում»,- ասել է լրագրողներին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Վերջին նիստի մասնակիցները նշել են, որ այն շատ զգացմունքային է եղել:
Պաշտպանության նախարար Ժերար Լոնգեի կարծիքով` Սարկոզին խաղաղված մարդու տեսք ուներ, որը հասկանում է, որ իր երկրի համար արել է այն, ինչ պարտավոր էր:









































