Թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը իր ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունեցածը բնորոշեց ոչ թե ընտրություն, այլ «բյուլետեն լցոնելու մասսայական գործողություն. «Աննախադեպ հանցագործություն է կատարվել: Այնտեղ, որտեղ իրականում ընտրություն է եղել, 70-80 տոկոս ձայն եմ հավաքել, բայց էնտեղ, որտեղ տեղի է ունեցել ուղղակի ընտրություն` հիմնականում Գորիսում և գյուղերում, կիրառել են կարուսել, մեկ մարդը մի քանի ընտրատեղամասում ընտրել է, մասսայական լցոնումներ են եղել, զանգվածաբար տներից հանել, բերել են, ճնշման, փողի ազդեցության տակ ասել են` մտնում եք, քվեարկում, արդյունքները վատ եղան, սա կանենք և այլն, նաև մեծ քանակությամբ փող է բաժանվել:
Ամբողջ նախընտրական գործընթացն անցել է աննախադեպ ճնշումներով: Մարդկանց բառացիորեն ասել են` եթե չընտրեք ում որ պետք է, համապատասխան քանակի ձայն չեղավ, աշխատանքից բոլորդ ազատվելու եք»:
Նշենք, որ Սյունիքի մարզպետի հովանավորությունը վայելող Հայկ Գրիգորյանի օգտին թիվ 37 ընտրատարածքում քվեարկել է 19984 ընտրող, առողջապահության նախկին փոխնախարար, անկուսակցական Թաթուլ Հակոբյանի օգտին` 11822, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 1492 ընտրող, իսկ Վարազդատ Վարդազարյանի օգտին` 1190 ընտրող:
Հետաքրքիր է, թե տոկոսային ինչ հարաբերությամբ են քվեարկել սիսիանցիներն ու գորիսեցիները Հայկ Գրիգորյանի համար: Սիսիան քաղաքում 7361 քվեներից 6004-ը կամ 81%-ը ձայնը տվել է Թաթուլ Հակոբյանին, 1058-ը կամ 14%-ը` Հայկ Գրիգորյանին: Գորիսում էլ հակառակ պատկերն է ստացվել. 9732 վավեր ձայներից 7188-ը կամ 74%-ը բաժին է հասել Հայկ Գրիգորյանին, իսկ 557-ը կամ ձայների 6 %-ը` Թաթուլ Հակոբյանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թ. Հակոբյանը տեղեկացրեց նաև` այն զանգվածը, որը չի ցանկացել գնալ ընտրության, փողով, թաղային հեղինակություններով, զոռով տարել, ոստիկանական մեքենաներով բերել են ընտրատեղամաս: «Իմ վստահված անձինք ասում էին, որ Գորիսում անվերահսկելի վիճակ էր, խմբերով բերում-լցնում էին տեղամաս, չեն հասցրել անգամ անձնագիր նայել»:
Վերջինս չի կարծում, որ Հանրապետական կուսակցությունն է նման «արջի ծառայություն» մատուցել Սյունիքի մարզում, այլ կազմակերպածը Սյունիքի մարզպետի կողմից է եղել` իր խոսքով` «Տեղական չինովնիկների, կամակատարների կամ որոշ ճորտերի և ստրուկների գործողությունների միջոցով»:
Պարտված թեկնածուն, սակայն, ամբողջ հանրապետությունում վերջնական արդյունքներին ծանոթանալուց հետո ուրախ է, որ ինքը չի լինի ԱԺ-ում. «Ովքե՞ր են գնում, չեմ պատկերացնում, թե ընտրվելու դեպքում ինչ պետք է անեի էնտեղ: Հուսով եմ, որ նախագահական ընտրություններից հետո նոր խորհրդարանական ընտրություններ կձևավորվեն, կարծում եմ, որ այս խորհրդարանը մեկ տարի հազիվ ձգի»: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կմեկնի իր աշխատանքին, կշարունակի աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Վերջում միայն եզրափակեց. «Եթե Սուրիկ Խաչատրյանը չլինի, Սյունիքն ավելի արժանապատիվ կապրի»:
«Առաջին լրատվական»-ը թեկնածուի նշած ընտրախախտումների առնչությամբ փորձեց մեկնաբանություններ ստանալ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: Վերջինիս հեռախոսը, սակայն, ողջ օրն անհասանելի էր:









































