ԱՄՆ-ը շարունակելու է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման գործընթացը` դրանում չտեսնելով հակասություն ԱՊԼ-ի և ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հետ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
«Նախագիծը նախատեսում է քաղաքական անցում դեպի ժողովրդավարություն, իսկ դրա արդյունքը պետք է դառնա կառավարության փոփոխությունը, այդ պատճառով մենք չենք տեսնում որևէ հակասություն»,- հայտարարել է Ռայսը:
Չնայած Քոֆի Անանը երեքշաբթի օրը նշել էր, որ Սիրիայում բռնության մակարդակը նվազել է, Ռայսը սիրիական կառավարությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս «չի կատարել հատուկ բանագնացի վեց կետից բաղկացած նախագծի ոչ մի կետ»:
Ռայսն ընդգծել է, որ Սիրիայում անթույլատրելի չափերով շարունակվում են բռնությունները, և ԱՄՆ-ն ուժեղացնելու է ճնշումներն ընդդեմ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի:
Շոշափելով Սիրիայում ծայրահեղական խմբավորումների և օտարերկրյա վարձկանների գործունեության հարցը` Ռայսն, այնուամենայնիվ, պատասխանատվությունը դրել է Բաշար Ասադի վրա:
«Գլխավորն այն է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են կրակել սեփական ժողովրդի վրա, և դա տևում է մեկ տարի, ինչը դրդել է մարդկանց զինվել և պաշտպանվել»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ իրավիճակից կարող են օգտվել ծայրահեղականները, որոնց ձգտումները կապ չունեն խաղաղ ցուցարարների հետ:












































