Մշակույթի նախարարությունը դեռ եզրակացություն չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի փակ շուկայի տանիքի քանդման աշխատանքների հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում սեփականատերը տանիքի քանդման աշխատանքներ էր սկսել այս տարվա մարտին: Ահազանգից հետո պարզվել էր, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել էր արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու մասին: Աշխատանքները դադարեցվել էին և տարածքը վերցվել էր խիստ հսկողության տակ:
Հիշեցնենք, որ շուկայի շենքն ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում, և առանց համապատասխան մարմինների թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնել չէր կարելի: Շուկայի սեփականատեր ընկերությունն ի սկզբանե ուներ թույլտվություն կառույցի ներսի և ստորգետնյա հատվածներում շինարարություն կատարելու համար և տանիքը քանդելու համար տուգանվել է 200 հազար դրամի չափով:












































