Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել են թույլ ցնցումներ` Աշոցքի, Սևանի գոտիներում, Իրանի տարածքում, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում և Ադրբեջանում:
«Սրանք ուժեղ ցնցումներ չեն, բայց այն փաստը, որ վերջին երեք օրերի ընթացքում տեղի են ունեցել 8 սեյսմիկ ցնցումներ, վկայում է այն մասին, որ սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Մասնագետը նշեց, որ 2012 թվականին, մինչև այսօր, գրանցվել է 370 սեյսմիկ ցնցում: Նրա դիտարկմամբ՝ մենք այժմ գտնվում ենք սեյսմիկ ակտիվության փուլում, ունենք երկրաշարժերի ավելացում, բայց անջատված էներգիայի ավելացում չկա:
Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էլ նշեց, որ նման թույլ ցնցումների դեպքում մեծանում է հասարակության հետաքրքրությունը շենքերի սեյսմակայունության նկատմամբ, ինչը դրական միտում է: Նա նշեց, որ կախված շինանյութից՝ շենքերը պիտի կառուցել տարբեր բարձրության:
«Երկրաշարժերը ցածրահարկ շենքերի համար վտանգավոր չեն: Գյումրիի երկրաշարժի ժամանակ, օրինակ, հին Գյումրին չվնասվեց, որովհետև շենքերը ցածրահարկ էին և սեյսմակայուն»,- նշեց նա:








































