Մշակութաբան Լևոն Մարգարյանի հետ «Առաջին լրատվական»-ը զրուցել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ:
– Լևոն, միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողները բարձր են գնահատում ընտրությունները, արդեն հնչում են կարծիքներ, որ կարծես թե անթերի են ընտրությունները, քանի որ գոհացրել են թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք ընտրություններից:
– Այս անգամ կարծես թե ավելի լավ անցան ընտրությունները և կարծես թե մնացած բոլոր ընտրություններից լավ անցան, որովհետև երկու կողմերն էլ արդյունքների հետ համաձայն են, անկախատեսելի բաներ կարծես թե չեղան: Կարող է մտածում էինք` երրորդ տեղը Ժառանգությունը, հետո ՀԱԿ-ը կլինի, բայց էլի անակնկալներ չեղան: Մի փոքր ԲՀԿ-ն էր վախեցած, որ իրենք ամբողջ ընտրությունների ընթացքում փորձում էին ինտրիգը պահել, որովհետև մտածում էին` կարող է ավելի քիչ ձայն հավաքեն, բայց նորից ամեն ինչ նորմալ ավարտվեց, և հիմա Բարգավաճը վերադառնալու է իր հին իշխանական կեցվածքին: Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդներին, ապա կարող եմ ասել, որ այս ընտրությունները հենց իրենց համար էին կազմակերպված, որովհետև Հայաստանը արտաքին դիվանագիտական ասպարեզում լուրջ խնդիրներ ունի, բացի այդ, լավ ընտրությունները Հայաստանում Եվրոպային մեծ հեղինակություն են բերելու, և հետևաբար ցեղասպանության և Ղարաբաղի հարցերի հետ կապված Հայաստանը փորձեց հնարավորինս ավելի լավ կազմակերպել ընտրությունների տեխնիկական մասը և ինչպես տեսանք՝ ինչ կար թղթի վրա գրված, մեծամասամբ իրականացրեցին: Այստեղ մի խնդիր մնաց, որը ավելի շատ ոչ թե քաղաքական գործընթացների, այլ քաղաքական մշակույթի և ընդհանրապես մշակույթի խնդիր է, այն է՝ ընտրակաշառքը, որի դեմը չեն կարողանում առնել, որովհետև իրավաբանորեն չեն կարողանում հիմնավորել դա: Ընտրակաշառքի գործընթացը փաստորեն տեղամասերից դուրս էր տեղի ունենում և տեղի էր ունենում այնքան ամուր սոցիալական կապերի միջոցով, որ իրավական համակարգը դեռևս այնքան ճկուն չէ, որ կարողանա դրա դեմն առնել: Իսկ ընդդիմության պահվածքը ցույց է տալիս, որ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով ընտրությունները բավական լեգիտիմ են:
– Հայ ազգային կոնգրեսը ձայների հաշվարկի ընթացքում 6,4 տոկոս էր հավաքում և չէր անցնում յոթ տոկոսի շեմը, ըստ Ձեզ՝ հետո ի՞նչ տեղի ունեցավ:
– Չեմ կարծում` այդքան դավադրություններ փնտրելու տեղ կա, պարզապես տեխնիկական հաշվարկ էր, սկզբից արագ-արագ հաշվեցին մարզերի արդյունքները, իսկ քանի որ Երևանում ընտրատարածքներն ավելի շատ էին, վերջում անցան Երևանին, հետո վերջում Ժառանգությունը և ՀԱԿ-ը առաջ գնացին: Գուցե այդտեղ ինչ-որ պայմանավորվածություն կար, որ հանկարծ ՀԱԿ-ը չփորձի բողոքարկել, բայց փաստեր չկան: Ամեն դեպքում, այս չորս տարիների պայքարով ամեն դեպքում վաստակել էր խորհրդարանում ներկայացված լինելու իրավունք:
– Դուք նշեցիք, որ ընտրությունները լեգիտիմ են, մի՞թե կարելի է այս ընտրությունները լեգիտիմ համարել, երբ ընտրակաշառքի ակնհայտ բաժանում էր՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար հերթ չէին տալիս:
– Այո՛, քանի որ չեն կաշառել վստահված անձին, լցոնումներ չեն եղել: Ընտրակաշառքի գաղափարը չեմ արդարացնում, բայց փող է առաջարկվել, և մարդիկ իրենց կամքով են այնտեղ, բուն ընտրատեղամասի ներսում խախտումներ չկան: Մարդուն փող են առաջարկում, վերցնում է, և դա իր գործն է, իրավական առումով լեգիտիմ է: Բացի այդ, հասարակության մեջ ընտրակաշառքի գաղափարն այնքան էլ բացասական չի ընկալվում, ինչքան ընդդիմության որոշ շրջանակներում է ընկալվում: Հասարակության համար ընտրակաշառք բաժանող կուսակցությունը բավական ուժեղ կուսակցություն է համարում: Կապ չունի՝ քաղաքացիական հասարակության դիրքերից այս ամենը ինչպես է դիտարկվում, փաստը մնում է փաստ, որ ժողովրդի համար ընտրակաշառքը համարվում է դրական երևույթ: Բացի այդ, ոչ ոք չի ստիպում, առաջարկում են, իրենք էլ համաձայնվում են: Կարող ենք ասել ընտրությունները լեգիտիմ չեն, եթե գրանցվեին կրկնակի քվեարկության բազմաթիվ դեպքեր կամ լցոնումներ լինեին, փաստորեն նման դեպքեր այդքան էլ չեն եղել: Կաշառքը կոնկրետ քաղաքական գործընթացների խնդիր չէ: Այն մեր առօրյայում առկա է: Նույն կերպ ընտրությունների ժամանակ է ընտրակաշառք առաջ գալիս:
– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է քաղաքական դաշտի փոփոխություն ՀԱԿ-ի յոթ պատգամավորների՝ Ազգային ժողովում հայտնվելով: Ի՞նչ տարբերություն կլինի, ընդհանուր առմամբ, նախորդ խորհրդարանի համեմատությամբ:
– Նախորդի համեմատությամբ տարբերությունը միայն ՀԱԿ-ի ներկայությունը չի բերի: Կան այլ դասավորություններ, ՕԵԿ-ը կորցրել է իր ձայների մեծ մասը, ՕԵԿ-ը հիմա նոր խաղ պետք է խաղա, իշխանություն խաղալու համար ՕԵԿ-ը փաստորեն քիչ ձայներ ունի, ընդդիմություն խաղալու համբավն ու ժամանակն է կորցրել: Ստիպված այս հինգ տարիների ընթացքում այնքան լավ պետք է աշխատի, որ հաջորդ ընտրություններին նորմալ ընտրվի: Դաշնակցությունը կանի իր սովորական քայլերը, իմ կարծիքով` Դաշնակցության գործունեության մեջ շատ բան չի փոխվի, միայն կարող է սրացումներ լինեն հայ-թուրքական հարաբերությունների դեպքում. եթե նորից փորձեն հայ-թուրքական արձանագրությունները վերանայել, ՀՅԴ-ն գուցե փորձի անդրադառնալ դրան: Շատ հետաքրքիր է ՀԱԿ-ի դիրքորոշումը, քանի որ խորհրդարան մտնում է իշխանության հիմնական ուժին՝ ՀՀԿ-ին մի քանի անգամ մերժելով, Հանրապետականին և նախագահին անվանել ավազակապետ, հանցավոր ռեժիմ և այլն. և այս դեպքում, բնականաբար, շատ դժվար կլինի համագործակցել և իրար հետ երկխոսել: Մյուս կողմից` ՀԱԿ-ը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք մտադիր չեն մտնել խորհրդարան և օրենքներ փոխել, այլ անվստահության ձայն պետք է հայտնեն, և մանրից ընդլայնելով իրենց իշխանությունը, փորձեն նախագահականի համար հիմք նախապատրաստել, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն: Այս առումով կարելի է ասել, որ եթե ընդդիմությունից կարելի է ակնկալել կառուցողական որոշակի քայլեր, ինչպես օրինակ ամբողջ հինգ տարիներին աշխատում էր ժառանգությունը, ՀԱԿ-ը ամբողջովին մերժողական, ժխտողական և հակակառուցողական է լինելու, եթե իհարկե մնա այն տրամաբանության մեջ, որը հայտարարել է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ-ին, այս դեպքում էլ ահագին փոփոխություն, կարծում եմ, կլինի, որովհետև առաջվա միատարրությունը և անհամաձայնությունը, որը կար անցած խորհրդարանում, չի լինի, ընդհակառակը կփորձեն այդ բախումնային պահը պահել, ինչպես եղավ ընտրությունների ընթացքում: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև անվստահության սեպ է խրվել, որը բավականին դժվար կլինի վերականգնել:







































