ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) նախօրեին նիստ է գումարել Գվինեա-Բիսաուուի հարցով: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը, երկրում տիրող իրավիճակի մասին տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի Գվինեա-Բիսաուում խաղաղության հաստատման միացյալ բաժանմունքի ղեկավար Ջոզեֆ Մուտաբոբը: Նա հերթական անգամ դատապարտել է երկրում զինված հեղաշրջումը ու կոչ է արել ԱԽ-ին դիտարկել այն անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք երկրում խոչընդոտում են սահմանադրական կարգի հաստատմանը:
Մուտաբոբի խոսքով` Գվինեա-Բիսաուում քաղաքական ճգնաժամի կարգավորման ցանկացած որոշում պետք է լինի համընդհանուր: Նա հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է արագացնել երկրում անցումը քաղաքացիական կառավարմանը ու նորմալ սահմանադրական կարգի հաստատմանը:
Ընդ որում` Մուտաբոբը նախազգուշացրել է, որ այդ գործընթացի դանդաղման դեպքում ստեղծված վիճակը բացասաբար կազդի երկրի բնակիչների վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ զինվորական խունտան Գվինեա-Բիսաուում նախկինի պես չի ցանկանում գնալ զիջումների ու չի արձագանքում միջազգային հանրության` քաղաքացիական կառվարմանը վերադարձի կոչերին:
2012 թ. ապրիլի 12-ին Գվինեա-Բիսաուում զինված ուժերը երկրում զինված հեղաշրջում իրականացրին:







































